23 օգոստոսի 2013 - 18:47 AMT
ԿԳ նախարար. 2016-ի սեպտեմբերից յուրաքանչյուր առաջին դասարանցի կստանա անվճար համակարգիչ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում են նախարարության մամուլի բաժնից:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար, որի մեկնարկը, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի, նախատեսվում է 2016 թվականից:

«Ծրագրի արդյուքնում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ»,- նշել է Ա. Աշոտյանը: Նիստի ընթացքում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանն առնչվող աշխատանքային և կազմակերպական այլ խնդիրներ: