27 օգոստոսի 2013 - 19:11 AMT
Հյուսիս-հարավ ճանապարհի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, շուտով կսկսեն բետոնապատել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 27-ին հանդիպել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին են ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը:

Կապալառուի հավաստմամբ՝ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են, ամեն ինչ պատրաստ է բետոնապատումը սկսելու համար: Տրանշ 1-ի Հատված 2-ում (Երևան-Արարատ կմ 9+312 – կմ 28+912) բետոնը փռելու աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի 30-ին, իսկ Հատված 3-ում (Երևան-Աշտարակ կմ 18+370– կմ 29+600)՝ սեպտեմբերի 2-ին:

Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ պահանջել է ընկերությունների ներկայացուցիչներին, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն իրականացվեն համապատասխան որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: «Մենք պահանջում ենք անթերի աշխատանք: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը կյանքի կոչվի»,-նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարական աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում: