3 սեպտեմբերի 2013 - 18:54 AMT
Երևանը կատարե՞ց իր ընտրությունը. Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը

Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի հետագա ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին:

Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

Ավելի վաղ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս, փորձագետները փորձում էին կանխատեսել, թե հատկապես որ հարցերն են երկու նախագահների հանդիպմանն իրոք լինելու գլխավորը: Ոմանք ենթադրում էին, որ Մոսկվա այցի ընթացքում ՀՀ նախագահը կոնկրետ պատասխան կտա, թե ում հետ է Հայաստանը՝ Ռուսաստանի թե Եվրոպայի, այսինքն Մաքսային միության, թե ԵՄ հետ Ասոցացման համաձայնության: Այսինքն, Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու համոզել Պուտինին, որ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական բաղադրիչը չի հանգեցնի փոփոխությունների գործակցության ռազմաքաղաքական ոլորտում: Հայաստանի հետ ԵՄ «Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» համաձայնագրի նախաստորագրումը նախատեսվում է նոյեմբերին՝ Վիլնյուսում, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում:

Փորձագետների մի այլ խումբ այն կարծիքի էր, որ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրման մասին հարցը գլխավորը չի լինելու Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: Առավել ևս, որ երկու Միությունների միջև ընտրության հարց չի կանգնած, քանի որ գործակցության Հայաստանի տեսլականը ներառում է եվրոպական քաղաքականության տարրեր, սակայն կասկածի տակ չի դնում փոխգործակցությունը Ռուսաստանի հետ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ եթե Հայաստանի առջև նման հարց էր դրված, ապա կշեռքի նժարը թեքվեց Ռուսաստանի կողմը, ոչ թե Եվրոպայի: