6 սեպտեմբերի 2013 - 17:09 AMT
Վրաստանը սատարում է ԱՄՆ-ին Սիրիայի հարցում

«Ես շատ մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է Սիրիայում, շատ ափսոս, որ այնտեղ քիմիական զենք է օգտագործվել, և դրա ապացույցները կան: Ես շատ եմ վստահում ԱՄՆ-ին՝ մեր ռազմավարական գործընկերոջը: Երբ ես խոսում եմ վստահության մասին, ես նկատի ունեմ այն, որ նրանք փորձաքննություն են անցկացրել, որը հաստատել է, որ քիմիական զենք է կիրառվել խաղաղ բնակչության դեմ»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում:

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հրապարակեց Վրաստանի դիրքորոշումը դեռևս օգոստոսի 30-ին՝ հայտարարելով, որ Թբիլիսին «դատապարտում է բռնությունը» Սիրիայում խաղաղ բնակչության դեմ և «ողջունում է ու սատարում է միջազգային հանրության հումանիտար աղետը հաղթահարելու համար առավել ակտիվ դեր ստանձնելու ձգտմանը»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից թույլտվություն է խնդրել Սիրիայում ռազմական գործողության համար: ԵՄ երկրներից միայն Ֆրանսիան, Դանիան, Խորվաթիան, Ռումինիան, Հունաստանը, Լատվիան ու Կիպրոսն են թույլատրելի համարում ռազմական գործողությունն առանց ՄԱԿ ԱԽ արտոնության, սակայն ԵՄ-ն դեռ միասնական դիրքորոշում չի մշակել:

Դեռևս միայն 21 սենատոր է հայտարարել որ վստահորեն, կամ հավանաբար, կաջակցի բանաձևին: Եվս 13-ն ասել են, որ դեմ են քվեարկելու Օբամայի ծրագրին, մնացած 66 սենատորների որոշումը դեռ հայտնի չէ: Քվեարկությունը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: