11 սեպտեմբերի 2013 - 14:29 AMT
Հայաստանին հրավիրում են դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից մեկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հուսով է, որ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից մեկը: Նոր միության ստեղծման համար մասնակից երկրները կօգտագործեն ԵՄ փորձը: Այդ մասին հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Նա նշել է, որ այսօր Հայաստանն արդեն որոշել է միանալ Մաքսային միությանը, ուստի պետք է աշխատել ինտեգրման վրա :

«Ես այսպես կասեի. մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի միասին դառնանք Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներիը, սակայն դա շատ հավակնոտ խնդիր է»,-ասել է Սլեպնյովը:

Անդրեյ Սլեպնյովն ասել է, որ Մաքսային միությանը միանալու համար Հայաստանը պետք է ներդաշնակեցնի ազգային օրենսդրությունը ՄՄ հետ:

«Դա կարգավորման, տեխնիկական, արտաքին առևտրային կարգավորման ոլորտի խնդիրների մեծ ծավալ է: Ակնհայտ է, որ այդպիսի հարցերը մեծ ու ակտիվ աշխատանք են պահանջում: Սակայն, այնուամենայնիվ, մենք ուենք, օրինակ, նույն Եվրամիության օրինակը, որն այդ խնդիրները լուծում է»,-ասել է նա:

Իսկ արդեն սեպտեմբերի 25-ին նախագահների մակարդակով կայանալիք Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հնարավոր կլիներ զեկույց նախապատրաստել ՄՄ-ին Հայաստանի անդամակացության հնարավորության մասին:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Photo - cargonavigator.ru