16 սեպտեմբերի 2013 - 22:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
11 տարի անց Հայաստանն ըմբշամարտի աշխարհի նոր չեմպիոն ունի՝ Դավիթ Սաֆարյանն է

11 տարի անց Հայաստանն ըմբշամարտում աշխարհի նոր չեմպիոն ունի։ Դա 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն է, ով Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ստանձնեց չեմպիոնի տիտղոսը, ինչով դարձավ Հայաստանի երրորդ չեմպիոնը։ Սաֆարյանի առաց իր ոճում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել են նաև Արա Գեւորգյանն (1995, 1997, 1998) ու Արամ Մարգարյանը (2002):

Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եզրափակիչ գոտեմարտում մրցեց կուբացի Լիվան Լոպեսի հետ, ով, ի դեպ, նաև Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է: Առաջին երեք րոպեներն ավարտվեցին Լոպեսի օգտին՝1:0։

Երկրոդր մրցափուլում կուբացին ևս մեկ միավոր ստացավ, բայց գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ Սաֆարյանը՝ փոխադրում կատարելով, նվաճեց 2 միավոր, ինչի շնորհիվ էլ աշխարհի չեմպիոն հռչակվեց:

Կիսաեզրափակչում Սաֆարյանը պարտության էր մատնել վրացի ըմբիշ Լևան Կելեխսաշվիլիին:

Դավիթ Սաֆարյանը Հայաստանի հավաքականում է 2011 թվականից։ Նա Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է (2006, 2007), աշխարհի պատանեկան առաջնության հաղթող (2006), երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր (2009), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2012), 2013-ին նաև Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

ՖՈՏՈՇԱՐՔ