Թուրքական ավիացիան սիրիական ուղղաթիռ է խփել Հաթայ հարավային գավառի օդային տարածքում՝ զգուշացնելով Մի-17-ի անձնակազմին սահմանը խախտելու մասին: Այդ մասին ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, գրում է Today’s Zaman-ը: Ըստ թուրք փոխվարչապետ Բյուլենթ Առինջի, ուղղաթիռը կործանվել է սահմանը խախտելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքում: Երկու օդաչուները հասցրել են փրկվել կատապուլտայի միջոցով և բարեհաջող կերպով վայրէջք են կատարել, սակայն սպանվել են ընդդիմադիր գրոհայինների կողմից:
Այցով Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տեղեկացրել է միջադեպի մասին ՄԱԿ ԱԽ-ին ու ՆԱՏՕ-ի գործընկերներին:
Դավութօղլուն գտնվում է Փարիզում P3+1 (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Թուրքիա) հանդիպմանը:
Թուրքիան հանդես է գալիս Սիրիային հրթիռային և ավիացիոն հարված հասցնելու և Բաշար Ասադին տապալելու օգտին: Նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է ականջալուր լինի Թուրքիայի կարծիքին Սիրիայի հարցում: