21 սեպտեմբերի 2013 - 15:15 AMT
Փարիզի արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կբացվի

Սեպտեմբերի 21-ին Փարիզի Ռոկբրյուն սյուր Արժան (Վար դեպարտամենտ) արվարձանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը: Հուշակոթողի հեղինակն է ճարտարպետ Անդրանիկ Զաքարյանը:

Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ին, արարողությունից առաջ կհնչեն Ժան Տեր-Մերկերյանի և Շառլ Ազնավուրի կատարումները:

Բացման արարողությանը կմասնակցեն Ռոկբրյուն սյուր Արժանի քաղաքապետ Լյուկ Ժուսը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, Անրի Ժիբրաելը, Ալեն Մուան Բրեսանը, Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսյեն, Արևելյան Վարի Հայ ընդհանուր միության նախագահ Ժակի Բեաթրիս Լեկյեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Քույրեր Ֆաբիեն և Լորանս Շանոյանները կկատարեն Կոմիտասի երգերը:

Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը շնորհավորական ուղերձ է հղել ֆրանսահայերին Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կան Փարիզում, Լիոնում, Մարսելում: