27 մարտի 2006 - 14:02 AMT
ԵՄ. Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերը կհանգեցնեն լուրջ հետեւանքների
Եվրամիությունը անմիջական մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին: «Հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում կլինի ԵՄ գերակայություններից մեկը: Դա ազդանշան է խնդրահարույց իրավիճակների հանգուցալուծմանը առավել ակտիվ մասնակցելու համար»,-ասել է Պ.Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Եվրամիության մանդատն այս հարցում ընդլայնվել է, որտեղ ներառվել են նաեւ բախումնային իրավիճակների լուծման հարցերը: «Եթե հակամարտությունը մնա չլուծված, Հայաստանը կարող է մնալ մեկուսացման մեջ»,-ասել է շվեդ դիվանագետը: Միեւնույն ժամանակ Պետեր Սեմնեբին չի թաքցրել իր մտահոգությունը կապված ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերի հետ: «Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերը կհանգեցնեն լուրջ հետեւանքների»,-նշել է նա: