25 սեպտեմբերի 2013 - 17:17 AMT
18 քուրդ է փախել թուրքական բանտից

Թուրքական Բինգյոլում բանտից փախուստի են դիմել Քրդստանի աշխատավորական կուսակցության 18 անդամ, չորեքշաբթի հայտնել է Sabah թերթը:

Նրանց որոնմամբ զբաղվում են Բինգյոլ և Դիարբեքիր գավառների ոստիկանության ջոկատները:

Սեպտեմբերի սկզբին ՔԱԿ գրոհայինները դադարեցին հեռանալ Թուրքիայի տարածքից: ՔԱԿ առաջնորդներից մեկը՝ Ջեմիալ Բայիկը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի բարեփոխում չի անցկացնում երկրի քրդական բնակչության համար, ուստի գրոհայինները չեն լքի Թուրքիայի տարածքը:

Կալանավայրում գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախկինում կոչ էր արել կազմակերպության անդամներին զենքը վայր դնել ու հեռանալ երկրից:

Գրոհայինները սկսեցին լքել Թուրքիայի տարածքը մայիսի 8-ին:

Թուրքիայի հակամարտությունը քրդերի հետ, որոնք պահանջում են անկախ քրդական պետության ստեղծում, շարունակվում է ավելի քան 25 տարի, և արդեն 40 հազար կյանք է խլել: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և Եվրամիության կողմից: