Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը երեկ մասնակցել է Իրանի և միջուկային ծրագրով բանակցողների խմբի հետ բանակցություններին 5 +1 ձևաչափով, որոշ տեղեկություններ է հաղորդել Facebook-ի իր էջում:
Զարիֆը պատմել է, որ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ գրեթե կես ժամ: «Քերին ընդգծել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջուկային խնդիրը բանակցությունների և փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելու պարտավորությունը»,-գրել է հաղորդագրության մեջ Զարիֆը:
Ըստ նրամ, Քերիի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: «Աշխատանքը դեռ նոր է սկսվել, մենք պետք է երկար ճանապարհ անցնենք հանգուցալուծելու համար միջուկային խնդիրը Իրանի ժողովրդի իրավունքների հիման վրա»,-գրել է Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարն ասել է նաև, որ Իրանի բանակցողների թիմը փորձում է խուսափել անօգուտ ուշադրությունից և միտված կլինի որքան հնարավոր է արագ արդյունքների հասնելու ցանկությանը:
2007 թվականից ի վեր առաջին անգամ հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ-ում: Սկզբում Իրանի ԱԳՆ նոր ղեկավարը հանդիպել է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների ԱԳ նախարարների հետ: Հետո չորս տերությունների ներկայացուցիչները դուրս են եկել և Քերին առանձնազրույց է ունեցել Զարիֆի հետ:
ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ, Իրանը դա հերքում է: Իրանը բազմիցս է հայտարարել, որ չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը, այլ օգտագործելու է ատոմային էներգիան բժշկական հետազոտությունների համար: