30 սեպտեմբերի 2013 - 19:48 AMT
Հայաստանը ՀԱՊԿ-ում ՀՀ ԶՈՒ նոր ներկայացուցիչ է նշանակել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Այսօր ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի «ՀԱՊԿ-ն ու Եվրասիայի անվտանգությունը» հրապարակային զեկույցի շնորհանդեսի ժամանակ Կասպից համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին մշտապես հնչող սպառնալիքները, նշել էր, որ որպես ՀԱՊԿ անդամի՝ Հայաստանի վրա տարածվում են ՀԱՊԿ Կանոնադրության բոլոր դրույթներն ու ՀՀ դեմ ռազմական հարվածի դեպքում այդ նորմերը, անկասկած, գործի կդրվեն:

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, «ՀԱՊԿ անդամ-պետությունները գործակցում են սահմանների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական անվտանգության, բնածին ու տեխնածին աղետներից, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կամ արդյունքում բնակչության պահպանման դեպքում»:

ՀԱՊԿ անդամ-պետությունների համատեղ զինված ուժերը (Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈւ) պետք է արագ արձագանքեն անդամ-պետությունների կանչերին ու անվտանգության սպառնալիքներին:

Մասնավորապես, ԱԱՀՈւ վրա դրվող հիմնական խնդիրներին են վերաբերում յուրաքանչյուր կողմերի տարածքում ռազմական ուժի կիրառման պատրաստակամությունը ցուցադրելու նպատակով տեղակայումը, զինված հարձակման, ագրեսիայի ու զինված հակամարտությունները կանխելու կամ հետ մղելու գործում, ինչպես նաև միջազգային տեռորիզմի դեմ պայքարի միջոցառումներումմասնակցությունը: