29 մարտի 2006 - 19:18 AMT
Ս.Սարգսյանն ու Վ. Պրյախինը քննարկել են հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների վերացման ընթացքը
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարաի մամլո քարտուղար, փոխգնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Դեսպան Վ.Պրյախինը ներկայացրեց ՀՀ-ում հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացման առաջին եւ երկրորդ փուլերի բարեհաջող ընթացքը, անդրադարձավ երրորդ փուլում նախատեսվող աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում մելանժը վերամշակվելու է ընդունելի եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութի, որն օգտագործվելու է թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողերը պարարտացնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին զինված ուժերի ժողովրդավարական վերահսկմանն ու այլընտրանքային ծառայության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Շնորհակալություն հայտնելով նախարարին` Պրյախինը առանձնահատուկ կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծրագրերին ՀՀ ՊՆ մասնագետների կողմից ցուցաբերվող օժանդակությունը: