8 հոկտեմբերի 2013 - 13:48 AMT
Նիդերլանդներում ռուս դիվանագետին ծեծել են ու առանց բացատրության ամբողջ գիշեր պահել ոստիկանությունում

Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցները Հաագայում ներխուժել են ՌԴ դեսպանատան դեսպանորդ խորհրդական Դմիտի Բորոդինի բնակարան, ծեծի են ենթարկել նրան ու տարել ոստիկանություն:

Այդ մասին հայտնում է Vesti.ru-ն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի վրա հղումով:

«Ներխուժել են զինված մարդիկ և միանգամայն մտածածին պատրվակով ՝ երեխաների հետ իբր վատ վարվելու համար, նրանց իսկ աչքերի առջև դաժան ծեծի են ենթարկել դիվանագետին: Հայտնի է, որ դիվանագետի բնակարանն անձեռնմխելի է համարվում: Ձեռնաշղթաներով դիվանագետին տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ պահել են նրան ամբողջ գիշեր: Դրանից հետո նա ազատ է արձակվել առանց ներողության ու բացատրությունների»,-հայտարարել է նա:

ՌԴ ԱԳՆ-ն Նիդերլանդներին խիստ նոտա է հղել՝ Հաագայում ՌԴ դեսպանության աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նախարարության ներկայացուցիչը վրդովվել է, որ դիվանագետին ձեռնաշղթաներով ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում:

Photo: www.rusembassy.nl