25 հոկտեմբերի 2013 - 15:42 AMT
Մարտին Շուլց. Նախկին ԽՍՀՄ երկրներին ոչ ոք չի ստիպում ընտրություն կատարել ԵՄ ու ՄՄ միջև

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրները անհրաժեշտություն չունեն ընտրություն կատարելու ԵՄ ու Ռուսաստանի միջև, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Արևելյան գործընկերության ծրագիրը միտված է ԵՄ հետ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Բելառուսի մերձեցմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բոլոր երկրներն ինքնիշխան իրավունք ունեն ինքնուրույն որոշելու, թե ում հետ են ցանկանում առևտրային պայմանագրեր կնքել և որ դաշինքին անդամակցել: Խոսքը չի գնում Ռուսաստանի և ԵՄ միջև ընտրություն կատարելու մասին»,-հայտարարել է Շուլցը՝ վստահություն հայտնելով, որ սերտ տնտեսական ու քաղաքական կապերը ԵՄ հետ կբարելավեն նաև արևելյան հարևանների հասարակությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Դա բխում է մեր շահերից»,-ասել է Շուլցը:

ԵԽ նախագահը հուսով է, որ նոյեմբերին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում Ասոցացման համաձայնագիր կստորագրվի ԵՄ և Ուկրաինայի միջև: Այստեղ գլխավոր զսպող գործոնը շարունակում է մնալ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատազրկումը:

Վիլնյուսում կայանալիք ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել Հայաստանի հետ: Սակայն, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ուկրաինայի մտադրության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Կիևի ու Բրյուսելի միջև համաձայնագրի ստորագրումը անհնար կդարձնի Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը: Պուտինը նաև նշել է, որ այդ դեպքում ՌԴ-ն ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել իր շուկան պաշտպանելու համար: