1 նոյեմբերի 2013 - 16:59 AMT
Ժնևում, չնայած Թուրքիայի հակազդեցությանը, Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի

Ժնևի քաղաքապետարանը վճռական է տրամադրված Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցման հարցում, գրում է Time turk-ը:

«Հիշատակի լուսատուներ» անվանումով հուշարձանի կառուցման մասին որոշումն ընդունվել է 2011 թվականին, հուշարձանի հեղինակն է Մելիք Օհանյանը: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետք չէ դիտարկել հուշարձանը որպես «մի երկրի դատապարտում»: Ըստ Ազնավուրի, հուշարձանը նվիրված է լինելու Ցեղասպանությունից տուժած բոլոր ժողովրդներին:

Նախագիծը վերահսկող Ժնևի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամի Քանահանը մամլո ասուլիսում նշել է, որ հուշարձանի վրա չի լինելու ցեղասպանություն բառը: Սակայն այս հայտարարություններից հետո հասկանալի է, որ այս ամենը պետք է մտահոգի Թուրքիային, գրում է աղբյուրը:

Շվեյցարիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է թուրքական Cihan գործակալությանը, որ իրենք ի զորու չեն կանխելու ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կանգնեցումը: «Մենք գիտենք, թե որքան ցավոտ հարց է դա Թուրքիայի համար: Կապի մեջ մնալով երկու կողմերի հետ՝ մենք աշխատում ենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,-ասել է նա: