5 ապրիլի 2006 - 19:34 AMT
Վարդան Օսկանյանը եւ Դանիայի դեսպանը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ուֆֆ Անդերսոն Բալսլեւին վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորեց Դանիայի Թագավորության դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Գոհունակություն հայտնելով հայ-դանիական հարաբերությունների ներկա վիճակից` զրուցակիցները նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը: