4 նոյեմբերի 2013 - 16:02 AMT
Մեծ Բրիտանիան հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Մեծ Բրիտանիան հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին է հայտնել Բաքվում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, Global Counsel կազմակերպության նախագահ Պիտեր Մանդելսոնը:

Ըստ նրա, հակամարտությունն, անկասկած, անկայունություն կբերի տարածաշրջան: Կարևոր նշանակություն ունի այդ անկայունության վերացումը խաղաղ կարգավորման միջոցով, ասել է նա: «Այդ առաքելությունը դրված է ԵԱՀԿ ՄԽ վրա, մենք հուսով ենք, որ նրա ջանքերն այդ ուղղությամբ հաջող կլինեն»,-ասել է Մանդելսոնը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովն ու Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 4-ին ժամանել են տարածաշրջան հերթական այցով, որի նպատակն է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Իր այցը տարածաշրջան նրանք սկսել են Բաքվից: Այսօր համանախագահները Բաքվից կժամանեն Երևան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: