5 նոյեմբերի 2013 - 13:52 AMT
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ղարաբաղյան կարգավորման նոր հնարավորություն է տեսնում

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն է հայտնվել, ինչը չկար վերջին շրջանում, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական Trend և Azernews կայքերին՝ նշելով, որ «ԱՄՆ-ն հավատում է այդ հնարավորությանը»:

«Տեսնելով, որ Ադրբեջանում կայացած ընտրություններից և ավելի վաղ Հայաստանում կայացած ընտրություններից հետո նոր հնարավորություններ են հայտնվել, խոսեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մտադիր ենք Երևանում խոսել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է նա:

«Գտնում եմ, որ երկու երկրի ժողովուրդն էլ արժանի են խաղաղության ու բարգավաճման: Պետք է մի միջոց գտնել, դա է պատճառը, որ ստանձնեցի այս աշխատանքը, քանի որ կարծում եմ՝ կարելի է դեպի խաղաղություն ճանապարհ գտնել»,-ասել է նա:

Ուորլիքը ասում է, որ պատրաստ է մի քանի անգամ այցելել տարածաշրջան, որքան անհրաժեշտ կլինի խաղաղ կարգավորման համար:

Պատասխանելով երկու նախագահների հանդիպման մասին հարցին՝ Ուորլիքն ասել է, որ դա կախված է պետությունների ղեկավարներից: «Այդ որոշումը միայն համանախագահները չէ, որ պետք է ընդունեն: Բայց մենք ջանում ենք աջակցել, որ հանդիպումը կայանա այս տարի»,-ասել է նա: Ըստ Ուորլիքի, դա օգտակար կլիներ ամենաբարձր մակարդակով շփում հաստատելու համար:

«Հուսով ենք, որ դա իրական խաղաղ գործընթացի կհանգեցնի, համապարփակ բանակցությունների, կարգավորման, որը օգտակար կլինի երկու երկրներին: Դրական բանավեճ ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ: Եթե կարգավորման հարցում առաջ շարժվելու համար քաղաքական կամք կա, ապա պատրաստ ենք օգնել»,-ասել է նա՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են քննարկել երկու նախագահների հետ հետագա բանակցությունների պլանը:

«Գրեթե երկու տարի է նախագահները չեն հանդիպել, այդ ընթացքում առաջընթացի ուղի չկարողացանք գտնել: Հուսով ենք, որ նախագահները կարող են հանդիպել արդյունավետ ու կառուցողական քննարկման համար»,-ասել է նա:

Ուորլիքի խոսքով, ցանկալի է, որ հակամարտության կողմերը իրենք հայտարարեն, որ ցանկանում են համապարփակ բանակցություններ վարել:

«Հուսով ենք, որ եթե նախագահները կարողանան խոսել միմյանց հետ, ապա կգտնեն առաջ շարժվելու միջոց և բանակցությունները կառուցողական կդառնան: Հիմա գործընթացն առաջ չի շարժվում, բայց կցանկանայինք, որ առաջընթաց արձանագրվեր խաղաղության հաստատման ճանապարհին»,-ասել է նա:

Անդրադառնալով կարգավորման հիմնական սկզբունքներին՝ Ուորլիքն ասել է, որ դա հենց այն է, ինչ երկու երկրների նախագահները պետք է քննարկեն: «Այսօր աշխատում ենք հիմնարար սկզբունքներով: Մեր նպատակն է աջակցել համապարփակ բանակցություններին»,-ասել է նա:

Պատասխանելով Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ մեկ այլ երկրով փոխարինելու մասին հարցին՝ Ուորլիքն ասել է, որ հակամարտության կողմերը շարունակում են հավատալ ՄԽ գործունեությանը: «Հարցը բանակցությունների ձևաչափը չէ, հարցը բոլոր կողմերի՝ առաջ շարժվելու, լուծում գտնելու քաղաքական կամքն է: Դա այն է, ինչ մենք կցանկանայինք ուսումնասիրել առաջիկա շաբաթներին»,-ասել է նա:

Խոսելով այլ հակամարտությունների հետ համեմատության մասին՝ Ուորլիքն ասել է, որ դա դժվար է, քանի որ դրանց առաջացման հանգամանքները տարբեր են: «Այս աշխատանքին ձեռնամուխ լինելուց առաջ աշխատել եմ Աֆղանստանում և առաջատար բանախոսն էի անվտանգության ապահովման երկկողմ համաձայնության կնքման հարցում: Բարդ էր, բայց կարողացանք գտնել առաջընթացի ուղին: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները բարդ են, դա բարդ ընտրություն է, որը պետք է արվի: Սակայն դա հակամարտություն է, որը պետք է կարգավորվի: Եկել է ժամանակը: Եթե կարող եմ նպաստել կարգավորմանը, եթե համանախագահները կարող են օգնել ավելի դյուրին դարձնել այդ գործընթացը՝ պատրաստ ենք դա անել»,-ասել է Ուորլիքը:

Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում հայտնել էր լրագրողներին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել ՀՀ նախագահի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Ըստ նրա, նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ:

Բաքվից համանախագահները ժամանել են Երևան՝ հանդիպելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այս անգամ համանախագահները Լեռնային Ղարաբաղ չեն մեկնի: