5 նոյեմբերի 2013 - 16:27 AMT
Բաքվում փողոցը սալապատել են շիրմաքարերով. Բնակիչները սարսափած են

Բաքվի արվարձանում գտնվող Բաքսոլ բնակելի թաղամասի Ռուսուլզադե ավանի բնակիչներն արդեն մի քանի օր է սարսափած են: Ինչպես հայտնում է Minval.az-ը ANS PRESS-ի վրա հղումով, նրանց սարսափեցնում են շիրմաքարերը, որոնցով սալապատել են բնակելի թաղամասի ճանապարհը: Անշուշտ, չի կարելի չվախենալ՝ տեսնելով շիրմաքարերը: Որոշ քարերի վրա նույնիսկ պահպանվել են հանգուցյալների դիմապատկերները, ինչն էլ ավելի է սաստկացնում սարսափը:

Ըստ բնակիչների, մեկ ամիս առաջ ջրագիծ անցկացվեց թաղամասում: Հետո մեծ քարեր թափեցին ճանապարհի վերանորոգման համար: Մի քանի օրից անձրև եկավ, մաքրելով քարերի վրայի փոշին, և պարզ դարձավ, որ դրանք շիրմաքարեր են:

Բինագադինի շրջանի գործադիր մարմնում հայտնել են, որ իրենք չեն կատարում աշխատանքները, և կպարզեն, թե ով է բերել քարերը և որտեղից:

Բաքվում արդեն գրեթե ոչնչացրել են բոլոր ռուսական ու հայկական գերեզմանոցները: