9 նոյեմբերի 2013 - 11:42 AMT
Սիրիացի «Մահմեդական եղբայրները» նոր կուսակցություն են ստեղծում

Ծայրահեղ իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության սիրիական բաժանմունքը հայտարարել է, որ շուտով կհայտարարի նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին, որի առաջնորդներից մեկը կդառնա քրիստոնյա քահանան, գրում է Asharq Al-Awsat-ը:

Ինչպես հայտնել է «Մահմեդական եղբայրների» սիրիական բաժանմունքի նախկին առաջնորդ Ալի Սադրեդդին Բայանունին, նոր կազմակերպությունը կկոչվի «Ազգային սահմանադրության ու ազատության ազգային կուսակցություն», արաբերեն՝ Waad: Այն կգլխավորի Մոհամեդ Վալիդը, սիրիական Լաթակիայից, որը բժշկական կրթություն է ստացել Դամասկոսում, նաևսովորել է Մեծ Բրիտանիայում:

Առաջնորդի տեղակալը կդառնա քրիստոնյա մի քահանա, որի անունը դեռ չի հրապարակվում: Նոր կուսակցությունը, որի ստեղծման մասին կհայտարարվի նոյեմբերի 12-ին, մեկ երրորդով կազմված կլինի «Մահմեդական եղբայրներից», ևս մեկ երրորդը կկազմեն այլ իսլամիստական կազմակերպությունների անդամները: Կլինեն նաև լիբերալ և ազգայնական հայացքներով անդամներ:

Կուսակցությունն ազատական և բաց է լինելուհանրության բոլոր շերտերի համար, սակայն հիմնված իսլամի սկզբունքների վրա: Կազմակերպության գլխավոր նպատակը կդառնա հանուն Սիրիայի ժողովրդի «հավասարության, արդարության, արժանապատվության ու ազատության պայքարը», ինչպես նաև երկրում ժողովրդավարական սկզբունքների հաստատման հասարակության իսլամական մոդելի հետ մեկտեղ:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Photo: aawsat.net