16 նոյեմբերի 2013 - 14:01 AMT
Թուրքիան սպառնում է Ավստրալիային խափանել Անզակի օրը Ցեղասպանության ճանաչման դեպքում

Թուրքիան Ավստրալիային զգուշացնում է չճանաչելՀայոց ցեղասպանությունը՝Գալիպոլիում տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակի շեմին թուրք-ավստրալական հարաբերությունների վատթարացումից խուսափելու համար: Ի պատասխան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բարի Օ՚ Ֆարելը նշել է՝ ցավալի է, որ Թուրքիան Անզակի օրվա 100-ամյակն օգտագործում է քաղաքական նպատակներով:

Անզակի օրը (Anzac)՝ ապրիլի 25-ը, Ավստրալիայումհիշատակի ազգային օր է: Այն նվիրված է ավստրալացի և նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի Գալիպոլի թերակղզում 1915 թվականին: Այդ ժամանակ զոհվել էր 8709 ավստրալացի և 2721 նորզելանդացի զինվոր: Ամեն տարի հազարավոր ավստրալացիներ այնտեղ ուխտի են գնում:

Թուրքիան հասկացրել է, որ Նոր Հարավային Ուելսի պատգամավորների ներկայությունն Անզակի օրվա 100-ամյակին ցանկալի չէ, քանի որ նրանք 2013 թվականի մայիսին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, գրում է The Sydney Morning Herald-ը:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը զգուշացում է արել 2015 թ. ապրիլի 25-ին կայանալիք Գալիպոլի արարողության 8 000 տոմսերի խաղարկության մեկնարկին: Այն սկսվել է նոյեմբերի լույս 15 գիշերն և կշարունակվի մինչև 2014 թ. հունվարի 31-ը:

Ինչպես ասել է Չիչեկը The Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում, թուրք-ավստրալական հարաբերություններին սպառնացող երկու գործոն կա: Մեկը «Ցեղասպանության համար բոլոր մեղադրանքներին Ավստրալիայի աջակցությունն է, առանց հաշվի առնելու Թուրքիայի կարծիքը, ինչը կարող է պառակտում առաջացնել երկու ժողովրդի միջև և ձախողել Գալիպոլում հիշատակի օրը»:

Չիչեկը հորդորել է Նոր Հարավային Ուելսի պատգամավորներին հետ կանչել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Մայիսի 1-ին Ավստրալիայի Նոր Հարավայիյն Ուելս նահանգն ընդունել էր Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին ասորիների, հայերի ու հույների ցեղասպանության մասին բանաձևը: Ըստ Ասորական կազմակերպություների դաշինքի գլխավոր քարտորղար Հերմիզ Շահենի, այդ որոշումն աննախադեպ էր Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունների ճանաչման հարցում:

«Այդ ճանաչումը որպես հզոր ուժ կդիմակայի նրանց, ով մինչ օրս անտեսում է կամ ուղղակի ժխտում է քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը: Իրաքի, Սիրիայի ու Թուրքիայի ասորիները մշտապես կրում են այդ ցեղասպանության հետևանքները»,- նշել էր նա:

Photo: www.smh.com.au