Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միասնական համակարգեր կկազմավորի Հայաստանի և Ղազախստանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ինչպես ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը կհզորացնի նաև ՀՕՊ համակարգը Բելառուսի հետ:
«Նախատեսում ենք նաև հզորացնել ՀՕՊ միասնական համակարգը Բելառուսի հետ և նմանատիպ համակարգեր ստեղծել Հայաստանի և Ղազախստանի հետ»,-հայտարարել է նա:
Պուտինը հիշեցրել է այդ երկրների հետ համատեղ զորավարժությունների մասին: Այս տարի ՌԴ-ն ու Բելառուսը կազմակերպեցին համատեղ «Արևմուտք-2013» ռազմավարական զորավարժությունները: Առաջիկայում կստեղծվեն զորքերի տարածաշրջանային խմբավորումներ Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի և Բելառուսի հետ
2013 թ. փետրվարին Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ինքնաթիռի գրավման դեպքում ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության հերթապահների գործողությունների կազմակերպման մասին համաձայնագիրը:
Գրության մեջ ներկայացված են օդանավերի և ՀՕՊ ցամաքային միջոցների կիրառման կարգի մասին դրույթները՝ չեզոքացնելու համար ահաբեկչական գործողության սպառնալիքը:
Զենքն ու ռազմատեխնիկան օդանավի ոչնչացման համար կիրառվում են, եթե սպառված են օդանավի վայրէջքը պարտադրելու բոլոր միջոցները, ասվում է փաստաթղթում:
Համաձայնագիրը ստորագրվել է Դուշանբեում 2011 թվականի սեպտեմբերի 3-ին: