11 ապրիլի 2006 - 13:57 AMT
Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում են գտնվում Ջիմ Քոլբը եւ Սկոտ Գարետը
Կոնգրեսականներ Ջիմ Քոլբը եւ Սկոտ Գարետը, ինչպես նաեւ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը տարածաշրջանային այցի շրջանակում գտնվում են Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում: Այցի նպատակն է ծանոթանալ Հարավային Կովկասի կառավարման, տնտեսական եւ ռազմական խնդիրներին: Այցի ընթացքում Ջիմ Քոլբը, Սկոտ Գարետը եւ դեսպան Դանիլովիչը կլինեն Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ու ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող աջակցության ծրագրերի իրականացման վայրերում Հայաստանի տարբեր մասերում: Բացի այդ, պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ պետական այրերի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, քաղաքացիական հասարակության առաջնորդների, Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան ծրագրի ներկայացուցիչների եւ քաղաքական ու գործարար ոլորտի առաջնորդների հետ: Հանդիպումներում քննության կառնվեն մի շարք հարցեր, մասնավորապես` ԱՄՆ աջակցությունը Հայաստանին, Հայաստանի հետ ՀՄԿ համաձայնագիրը, հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, քաղաքացիական հասարակության զարգացումն ու 2007/2008թթ. ընտրությունների ազատ եւ արդարացի լինելու կարեւորությունը: