20 նոյեմբերի 2013 - 13:05 AMT
Ավստրալիայի համալսարաններում չեղյալ են համարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Մաքքարթիի միջոցառումները

Սիդնեյում և Մելբուրնում չեղյալ են հայտարարվել նոյեմբերի 21-ին կայանալիք Հայոց ցեղասպանության մերժողականությամբ հայտնի Ջասթին Մաքքարթիի միջոցառումները: Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia), Ջասթին Մաքքարթին դասախոսություններ կազմակերպելու խնդրանքով դիմել էր Մելբուրնի համալսարանին և Նոր Հարավային Ուելսի նահանգի պատկերասրահին, սակայն մերժում է ստացել:

ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը, ողջունելով այդ որոշումը, նշել է, որ Ջասթին Մաքքարթիի հայացքները չեն կարող ընդունելի լինել ավստրալացի գիտնականների համար: «Ցեղասպանության մերժումը զոհերի և նրանց ժառանգների դեմ ուղղված վերջին քայլն է: Չենք կարող դավաճանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է նա: ANC Australia-ն նամակ է հղել խորհրդարանի անդամներին՝ իրազեկելով Ջասթին Մաքքարթիի և նրա հայացքների մասին: