29 նոյեմբերի 2013 - 16:01 AMT
Թուրքահայ լրագրող. Կվերադառնամ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

«Եթե Թուրքիայում հայտնի է, բայց պատժված չէ Հրանտ Դինքի իսկական մարդասպանը, եթե այնտեղ արգելված է Դիարբեքիրումայցելել Արամ Տիգրանի շիրիմն ու եթե չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա այդ երկրում ապրել չի կարելի»,- հայտարարել է հայազգի լրագրող Ջեվաթ Սինեթը, որն այժմ բնակվում է Բելգիայում՝ հավելելով, որ Թուրքիա կվերադառնա միայն այն ժամանակ, երբ այդ ամենը վերանայվի:

Նա նշում է, որ լրագրողները Թուրքիայում գրում են միայն այն, ինչ նրանց ասում է պետությունն ու պաշտոնյաները, իսկ նրանց, ով փորձում են ճշմարտությունը գրել, ձերբակալում են: Ըստ BIA Մեդիայի, ձերբակալված է 66 լրագրող ու 27 խմբագիր: 66-ից 36-ը քրդեր էին, նրանք բանտում են հոկտեմբերից:

Ջեվաթ Սինեթն ապրում էր Ադանայում և 1993 թվականից ի վեր զբաղվում էր լրագրությամբ, սակայն ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից: Նա գրում էր երկրի ազգային փոքրամասնությունների մասին: «Հորեղբայրս՝ Տիգրան Գազերյանը, ապրում էր Սիրիայում, Ղամիշլիում, մյուսը՝ Նիդերլանդներում: Ընտանիքս ցրված է աշխահով մեկ: Չէի կարող գրել հարցաշարում, որ հայ եմ, քրիստոնյա: Ավելի ուշ իմացա, որ ընտանիքս ու հայրս Հայոց ցեղասպանության զոհերից են: Պարտք ունեմ ապագա սերունդների առջև, ուստի պետք է ճշմարտությունը պատմեմ Հայոց ցեղասպանության մասին»,- գրել է Սինեթը: Նա ստիպված էր հեռանալ Թուրքիայից հայազգի զինվոր Սևակ Բալիկչիի սպանության մասին հոդվածից հետո,գրում է BIANET-ը:

Արամ Տիգրանը հայկական ծագումով հայտնի երաժիշտ է, նվագել է սազի վրա: Երկար ժամանակ ապրել է արտերկրոմ: Մահացել է 2009 թ. Փարիզում: Թուրքիայի իշխանություններն երկար ժամանակ թույլ չէին տալիս հուղարկավորել նրան հայրենի Դիարբեքիրում, դա հաջողվեց նրա մահվանից միայն կես տարի անց:

Թուրքական բանակի հայազգի զինվոր Սևակ Բալիկչին սպանվեց իր զինակցի ձեռքով ապրիլի 24-ին: Դատարանն առաջին իսկ նիստում ազատ արձակեց Աղաօղլուին, իսկ զինդատախազը մեղադրական ակտում պահանջում է 9 տարվա ազատազրկում անփութության պատճառով սպանության համար: Մինչդեռ դատարանում բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարեց, որ Սևակի սպանությունից հետո նրան է մոտեցել զինվորներից մեկն ու պատմել է, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են դա: