30 նոյեմբերի 2013 - 12:58 AMT
Իվան Ահեղ, Իպոլիտ, իշխան Միշկին. Կյանքից հեռացավ սիրված ռուս դերասան Յուրի Յակովլևը

Երկարատև և ծանր հիվանդությունից հետո Մոսկվայում 85 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Յուրի Յակովլևը: Դեկտեմբերի 4-ին Վախթանգովի անվան թատրոնում, որի բեմում էր հանդես գալիս մեծ դերասանը, առաջիկա «Նավամատույց» ներկայացումը կնվիրվի նրա հիշատակին:

Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել է, որ Յուրի Յակովլևը մահացել է հիվանդանոցում: «Նա ուշագնաց էլ եղել և նրան տեղափոխել էին հիվանդանոց»,-ասել է նա:

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Յուրի Յակովլևը ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին, Մոսկվայում, իրավաբանի ընտանիքում։ Սովորել է երեկոյան դպրոցում, աշխատել է որպես ավտոմեխանիկի օգնական: 1952 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ինստիտուտը: 1952 թվականից հանդես է եկել Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի բեմում: Յակովլևը խաղացել է 100-ից ավելի դերեր թատրոնում և կինոյում: Կինոյում դերասանը սկսել է նկարահանվել է 1956 թվականից: Իսկ ճանաչում նրան բերեց իշխան Միշկինի դերակատարումը Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի էկրանավորման մեջ: Հանդիսատեսը հատկապես սիրեց նրա դերակատարումները Էլդար Ռյազանովի ֆիլմերում: Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում Իվան Ահեղի, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում Իպոլիտի դերերը:

Photo: zerno.ros.ru