12 դեկտեմբերի 2013 - 17:18 AMT
ՌԴ նախագահը հուսով է, որ ԵՏՄ մասին պայմանագիրը կհամաձայնեցվի մինչև մայիսի 1-ը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը կհամաձայնեցվի մինչև 2014 թ. մայիսի 1-ը, որից հետո այն կներկայացվի ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Դաշնային ժողովին այսօրվա իր ուղերձում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պուտինը հավելել է նաև, որ արդեն գործում են աշխատանքային խմբեր, որոնք պատրաստում են Ղրղզստանի ու Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզները», հայտնում է portnews.ru-ն:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Պետդուման պատրաստ է սեղմ ժամկետում և առաջնային կարգով քննարկել ու վավերացնել Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագիրը, հայտարարել է ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի ուղերձը:

«Ուղերձն ավելի հստակ չափորոշիչներ է ներկայացնում եվրասիական շինարարության առումով, գերակա խնդիրներ է դնում Եվրասիական միության ստեղծման առումով»,-ասել է Սլուցկին: Ըստ նրա, խորհրդարանական դիվանագիտության հարթակում արդեն ակտիվորեն նախապատրաստվում են ինչպես բազային պայմանագիրը, այնպես էլ եվրասիական նախագծի հնարավոր ընդլայնման «ճանապարհային քարտեզները»: «Վերջերս տեղի ունեցավ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի համատեղ նիստը նմանատիպ կոմիտեների հետ Ղրղզստանի և Հայաստանի խորհրդարաններում»,-ասել է Սլուցկին: Նա նաև նշել է, որ ամբողջ խորհրդարանական բազան եվրասիական նախագծի առաջ մղման համար գործնականում ձևավորվել է: «Հենց որ պայմանագրի նախագիծը համաձայնեցվի ու Պետդումա ներկայացվի, մենք կվավերացնենք այն առաջնահերթ կարգով»,-հավաստիացրել է կոմիտեի ղեկավարը:

Ինչպես հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզն» արդեն պատրաստ է: Նա հայտնել է նաև, որ այն կքննարկվի ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի փորձագետների մակարդակով, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում: