13 դեկտեմբերի 2013 - 11:56 AMT
Ուկրաինային առաջին փոխվարչապետ. Կիևը շուտով կստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ ԱրբուզովնԵՄ ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինան շուտով կստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:

Ըստ Արբուզովի, համաձայնագիրը կստորագրվի, հաշվի առնելով ազգային ռազմավարական շահերը, և Ուկրաինան ունի այդ քաղաքական կամքը:

Փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը նշել է նաև, որ կողմերը պայմանավորվել են ասոցացման համաձայնագրի կիրառման համար ճանապարհային քարտեզ նախապատրաստել:

Ֆյուլեն իր հերթին խոստացել է աջակցել Ուկրաինային ԱՄՀ հետ պայմանավորվածության հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և առևտրի ազատ գոտուն միանալու համար: «Հստակ հաղորդեցինք մեր ուկրաինացի գործընկերներին, որ ԵՄ-ն արդիականացման տեսակետից Ուկրաինայի ապագայի խոշորագույն դոնորն է»,- ասել է եվրահանձնակատարը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ հարկավոր է հետաձգել ԵՄ հետ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի որոշ նորմերը ուժի մեջ մտնելու ժամկետը:

«Եկեք պայմանավորվենք: Չենք փոխի համաձայնագիրն, այլ կփոխենք իրականացման պայմանները, եկեք այնպես գրենք, որ մեզ համար շահավետ լինի»,- ասել է վարչապետն ագրոբիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հինգշաբթի Եվրախորհրդարանը համերաշխություն է հայտնել Ուկրաինային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակիցների հետ հատուկ բանաձև ընդունելով:

Պատգամավորները ողջունել են Եվրախորհրդարանի նիստում փաստաթղթի ընդունումը, պարզելով Ուկրաինայի ու Եվրամիության դրոշները:

Եվրախորհրդարանը նաև ափսոսում էր, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն որոշել էր չստորագրել համաձայնագիրը Վիլնյուսում, անվանելով այդ քայլը «բաց թողնված հնարավորություն ԵՄ-Ուկրաինա հարաբերություններում Ուկրաինայի ձգտումների համար»:

Եվրախորհրդարանականները նշեցին նաև, որ եվրոպական հանրությանը միանալու մասին են վկայում ցույցերն ու հանրահավաքները Կիևի Եվրամայդանում: Բանաձևով նաև դատապարտվեցին ոստիկանության կոշտ գործողությունները:

«Այդ իրադարձությունները կարող են էլ ավելի լարել իրավիճակն առանց այդ էլ բարդ իրավիճակում»,- ասվում է փաստաթղթում:

Պատգամավորները հորդորել էին Ուկրաինայի իշխանություններին բանակցել ցուցարարների հետ ու անհապաղ ազատ արձակել ակցիայի ձերբակալված մասնակիցներին:

«Ցանկացած ժողովրդավարական հանրության մեջ նոր ընտրություններ կարելի է անցկացնել, երբ կրկին առաջանում է օրինականությունը հաստատելու պահանջ»,- ասվում է բանաձևում: