29 հունվարի 2014 - 16:37 AMT
Լիբանանում շրջանառության մեջ կդրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված նամականիշ

Լիբանանի հեռահաղորդակցությունների նախարար Նիկոլա Սեհնավին հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանությանը նվիրված նամականիշ: Նամականիշների վրա պատկերված կլինի Բիքֆայում հաստատված հայերին նվիրված հուշարձանը, գրում է լիբանանյան The Daily Star-ը:

Լիբանանի հայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենամեծ համայնքներից է և ակտիվ մասնակցություն ունի լիբանանյան կյանքի բոլոր ոլորտներին: Բեյրութում ապաստան գտան 1915 թ. մազապուրծ եղած տարագիր հայերը: Լիբանանում որբանոցներ կազմակերպվեցին հայ որբերի համար:

Այժմ Լիբանանում մոտ 200 հազար հայ է բնակվում: Անցյալ տարի Բեյրութում Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականության դեմ բողոքի ցույցին մոտ 10 հազար մարդ մասնակցեց: Բեյրութում են գտնվում երեք ավանդական հայկական կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, Ռամկավար Ազատական և Հնչակյան կուսակցությունների կենտրոնակայանները:

1930 թվականից Բեյրութի արվարձան Անթիլիասում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նստավայրը:

Photo: The Daily Star