11 փետրվարի 2014 - 13:53 AMT
Քաղաքագետ. Ուկրաինական սցենարը Հայաստանում անհնար է

Իրավիճակն Ուկրաինայում զարգանում է մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողության տակ, հիմնականում ԱՄՆ ու ԵՄ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն Մատեուշ Պիսկորսկին: Ըստ նրա, այսպես կոչված ընդդիմությանն «աջակցելու» իմաստով, մենք գործ ունենք Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտության հետ, սակայն մյուս կողմից դրա համար հող կա՝ ներքին պայքարը Ռեգիոնների կուսակցության կլանների միջև:

«Եթե նայենք Ուկրաինայի խոշոր օլիգարխներից ոմանց վարքագծին, ապա տեսանելի է, որ նրանք նպաստում են լարվածության պահպանմանը Կիևում: Իրականում Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում, որ Եվրամայդանը դադարի: Ես ինքս եմ տեսել, որ ուժային կառույցների ցանկության դեպքում Մայդանը հնարավոր կլինի մաքրել 2-3 ժամում, այնտեղ մշտապես ընդամենը 300-400 մարդ կա: Բայց կառավարությունը ակնհայտորեն վախենալով արտաքին արձագանքներից և վստահ չլինելով իր ուժերին, այդպես էլ չի կարողանում մինչև հիմա հստակ որոշել, թե որ միությանն անդամակցել՝ Մաքսային միությանը, թե Եվրամիությանը»,-ասել է Պիսկորսկին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետը վստահ է, որ Երևանում չկան նախադրյալներ «Մայդանի» համար, քանի որ հայերի մեծամասնությունը հավանություն է տալիս իշխանությունների ռուսամետ քաղաքականությանը: «Նախագահ Սարգսյանի ընտրությունն անցյալ տարվա սեպտեմբերին, դա անվտանգության ընտրություն էր: Այնպես որ կարծում եմ, որ ուկրաինական սցենարը Հայաստանում անհնար է: Ադրբեջանում տեսականորեն հնարավոր կլինեին ընդդիմության այդ ծավալի ելույթները, բայց ընդդիմությունն այնտեղ թույլ է ու պառակտված: Պետք չէ մոռանալ, որ ի տարբերություն Ուկրաինայի, Ադրբեջանը ոստիկանական պետություն է և չի հանդուրժի այդքան տևական «Մայդան»,-ասել է քաղաքագետը:

Բողոքի զանգվածային ցույցերն Ուկրաինայում սկսվեցին 2013 թ. նոյեմբերին: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Իրավիճակը սրվեց 2014 թվականի հունվարի 16-ին, երբ Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից: Զոհվեց 5 մարդ:

Այժմ կենտրոնական հրապարակը ցուցարարներն են վերահսկում: Մարդիկ Մայդանի շուրջ բարիկադներ են կառուցել միլիցիայի արգելապատնեշներից: Հունվարի 28-ին հրաժարական տվեց վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Հունվարի 31-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց զանգվածային անկարգությունների մասնակիցների համաներման մասին օրենքը: Ըստ օրենքի, 10 օրվա ընթացքում ընդդիմադիրները պետք է ազատեն բոլոր կառավարական շենքերն ու շինությունները, ինչպես նաև փողոցները՝ բացառությամբ Մայդանի: Միայն դրանից հետո դատախազությունն ու դատարանները կդադարեցնեն ակտիվիստների հետապնդումները: Ընդդիմության առաջնորդները հայտարարեցին, որ նման պայմաններ չեն կատարի:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մայիսին մենք պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից»,-ասել է վարչապետը հունվարի 23-ի կառավարության նիստում: Նա նշել է, որ «ՄՄ գործընկերները բարձր են գնահատել մեր փորձագետների թիմի աշխատանքը»: