26 փետրվարի 2014 - 13:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ամերիաբանկն» ու «ԱրմենՏելն» առցանց վճարումներ կատարելու ծառայություն են մեկնարկել

Այսուհետ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդներն «Ամերիաբանկի» նոր ծառայության շնորհիվ կարող են ընկերության բոլոր ծառայությունների համար իրենց վճարումները կատարել առցանց աշխարհի ցանկացած կետից:

Ավելին, բաժանորդները կարող են վճարումներ անել աշխարհի ցանկացած բանկի թողարկած VISA, MasterCard և ArCa քարտերով:

«Ամերիաբանկի» ու «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենները, փետրվարի 26-ին հայտարարելով առցանց վճարումների ծառայությունների մեկնարկը, ընդգծեցին, որ սա Հայաստանի հաղորդակցության ոլորտում առաջին նման ծառայությունն է:

«Համատեղ այս քայլը կարելի է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում լուրջ ներդրում համարել»,- նշեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ամերիաբանկի» մշակած ծրագրային նոր գործիքը` vPOS-ը` վիրտուալ տերմինալ, հեշտացնում է առցանց առևտուր իրականացնող կայքերում VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումների կազմակերպումն ու հետագա սպասարկումը, ասաց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Այս նորամուծությունն աննախադեպ է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի համար ու նախևառաջ կխթանի անկանխիկ գործառնությունների ավելացումը»,- հավելեց Հանեսյանը:

«Ամերիաբանկի» գլխավոր տնօրենը նաև հավաստիացրեց, որ առցանց գործիքների բարձր անվտանգությունն ապահովվելու է VbV և 3DSecure տեխնոլոգիաների կիրառմամբ:

Հատկանշական է, որ ծառայությունից օգտվելու համար VISA-ի ու MasterCard-ի դեպքում անգամ պետք չէ վիրտուալ քարտ գրանցել: Առցանց վճարումների ծառայություններից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտաքագրի իր բաժանորդային համարը, վճարման չափն ու իր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին:

«Մինչ ծառայությունը շուկա դուրս բերելը, ինքներս փորձարկել ենք: Անձնական վճարումներս երկար ժամանակ կատարել եմ այդ ծառայության միջոցով»,- ասաց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Պյատախինը:

ՖՈՏՈՇԱՐՔ