27 փետրվարի 2014 - 17:11 AMT
Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր

Փետրվարի 26-ին Բելգիայի Հայ Դատի հանձնախումբը հանրահավաք էր կազմակերպել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ հարգելով Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Մինգեչաուրում, Կիրովաբադում և Ադրբեջանի մյուս քաղաքներում հայկական ջարդերի զոհերի հիշատակը:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դրոշներով ցուցարարները ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն ու հայերեն խոսել են Ադրբեջանի արյունոտ անցյալի ու ներկայի մասին հիշելու անհրաժեշտության մասին, 1988-ի հայկական ջարդերի, Հունգարիայում 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ու 2014-ին Արմեն Հովհաննիսյանի հերոսական մահվան մասին:

Ադրբեջանի դեսպանությանը հասցեագրված նամակն ընթերցելուց հետո ցուցարարները երթով անցել են դեպի Բրյուսելում Հայոց ցեղասպանության հուշարձան: Դրա մոտ էին ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանն ու հայ համայնքի այլ ներկայացուցիչներ: Մասնակիցները ծաղկեպսակներ են դրել հուշարձանի մոտ: