3 մարտի 2014 - 10:30 AMT
Սփիլբերգի մոտ նկարահանված թուրքահայ դերասանը վերադարձել է Ստամբուլ․ «Որոշել եմ մահանալ հայրենիքում»

«Գևորգ Մալիկյանը համեստ ու անկեղծ դերասան է զարմանալի մի պատմությամբ, որը սկսվել է Դիարբեքիրում ու շարունակվել է Ստամբուլում ու Լոնդոնում: Մալիկյանն այժմ Թուրքիայում է և մասնակցում է միանգամից երեք կինոնախագծի: Նրա ֆիլմագրությունը բավականին մեծ է. նա աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգն ու Ռիդլի Սքոթը, ինչպես նաև Դասթին Հոֆմանի ու Քրիսթիան Բեյլի հետ»,- գրում է Today’s Zaman-ը:

Նա ծնվել է աղքատ ընտանիքում: Երբ Ստամբուլի Ոսքյուդար թաղամասում հայ արքեպիսկոպոսը ճեմարան բացեց, հայրը տվեց նրան ուսանելու, որպեսզի նա հետագայում քահանա դառնա: Գևորգը 2 տարի անցկացրել է Շիշլիի մանկատանը և հետո միայն ընդունվել է ճեմարան: Երբ նա 16 տարեկան էր, ճեմարան այցելեց Անգլիկան եկեղեցու պատմաբան քահանան, որը թատրոն էր սիրում և բեմադրեց «Ռիչարդ Երրորդը»: Մալիկյանը բեմադրության մեջ խաղաց Ռիչարդի դերը: Բեմականացումից հետո հայր Հարդինգը նրա համար կրթաթոշակ ստացավ Մեծ Բրիտանիայում և Մալիկյանը շարունակեց ուսումը Լոնդոնում: Նրա եղբայրները Գերմանիա են տեղափոխվել 20-րդ դարի 80-ականներին:

Մալիկյանի առաջին պիեսը «Մաքբեթն» էր: Մի քանի տարի նա նկարահանվեց սերիալներում, մինչև որ պայմանագիր կնքեց Թագավորական Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի հետ, որտեղ նա խաղաց գրեթե բոլոր հանրահայտ շեքսպիրյան դերերը: Սփիլբերգի ու Սքոթի հետ Մալիկյանը հանդիպեց իր մենեջերի օգնությամբ: Սփիլբերգը նկարահանեց Մալիկյանին «Ինդիանա Ջոնսն ու վերջին խաչակրաց արշավանքը» ֆիլմում, իսկ Ռիդլի Սքոթը նկարահանեց նրան իր «Ելքը» ֆիլմում: Եվ այժմ Մալիկյանը որոշել է վերադառնալ հայրենիք՝ իր ծնողների շիրիմների մոտ: Նրա երկու եղբայրները մահացել են Գերմանիայում, իսկ քույրն ապրում է Ֆրանսիայում: Մալիկյանը կատարել է նաև դատախազի դերը Ալան Փարքերի հանրահայտ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում 1978 թվականին:

«Ես որոշել եմ տեղափոխվել Թուրքիա ու մեռնել հայրենիքում»,-ասում է Մալիկյանը:

Photo: Sunday's Zaman