12 մարտի 2014 - 15:49 AMT
Էշթոնն այցելել է Սպահանի հայկական Մայր տաճար

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Իրան կատարած այցի ժամանակ եղել է Նոր Ջուլֆայի հայկական Մայր տաճարում: Էշթոնը 350-ամյա սբ Ամենափրկիչ վանք է այցելել պատարագի ժամին` Իրանի պաշտոնական այրերի և հայկական համայնքի ղեկավարների ուղեկցությամբ: Սպահանի հայոց պատրիարքարանի ղեկավար եպիսկոպոս Բաբկեն Չարյանը կոչ է արել ԵՄ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը` մատնանշելով Մարդու իրավունքների Եվրադատարանի` ցեղասպանության ժխտումն արդարացնող որոշումը:

Պատրիարքարանի ղեկավարը ծանոթացրել է Քեթրին Էշթոնին հայկական համայնքի կյանքին` ընդգծելով, որ Իրանը հանդուրժողականության ու տարբեր կրոնների համակեցության օրինակ է, իսկ հայերը Իրանում հաստատվել են երկրի` իսլամ ընդունելուց դեռևս 400 տարի առաջ: «Իսլամ դավանող մեր քույրերն ու եղբայրները մեզ սիրով ու հարգանքով են վերաբերվում, և մենք բարձր ենք գնահատում Իրանի իշխանությունների ջանքերը հայկական եկեղեցիների ու մշակությաի արժեքների պահպանման գործում»,- ընդգծել է եպիսկոպոսը` հիշեցնելով, թե ինչպես հարևան Ադրբեջանը մի քանի տարի առաջ ավերեց Հին Ջուլֆայի հնագույն հայկական խաչքարերը: Նա հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանը կդատապարտի վանդալիզմը, որպեսզի կանխարգելի նման մշակութային ցեղասպանության կրկնությունը հետագայում: Իր հերթին Էշթոնը վստահեցրեց, որ մարդու իրավունքների պաշտպանության կողմնակից է և կիսում է հոգևորականի մտահոգությունը, գրում է Asbarez-ը:

Ավելի ուշ հյուրերն այցելեցին վանքի թանգարանը, որտեղ ԵՄ ներկայացուցչին ցույց տվեցին հնագույն եկեղեցական արտեֆակտեր, այդ թվում` նկարազարդված ձեռագրեր ու ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի ամենահին տպագրական մեքենան: Բարոնուհի Էշթոնին նաև ծանոթացրել են Հայոց ցեղասպանության պատմությանն ու Իրանի հայկական համայնքի կյանքին: Քեթրին Էշթոնը գրառում է թողել թանգարանի պատվավոր այցելուների գրքում:

Իրանի հայկական համայնքը աշխարհում հնագույններից մեկն է: Իրանում գործում են 3 գլխավոր հայկական համայնքներ, որոնք գտնվում են Թեհրանում, Իրանական Ադրբեջանում ու Նոր Ջուլֆայում(Սպահան): Նրանց միջև կապն ուղիղ է և անընդհատ: Իրանի հայերը երկրի ամենամեծաքանակ կրոնական փոքրամասնությունն են: Տարբեր գնահատականների համաձայն նրանց թիվը տատանվում է 100-150 000-ի սահմաններում:

Photo: Asbarez