14 ապրիլի 2014 - 17:40 AMT
ՌԴ ԱԳՆ. Ղրիմի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ զուգահեռներ չկան

Ղրիմի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ զուգահեռներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզին: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա մեջ մտնող համանախագահները՝ ի դեմս ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձգտում են աջակցել ադրբեջանցիների և հայերի միջև ուղիղ երկխոսությանը:

«Վերջերս տեղի է ունեցել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, բացի այդ, վերջերս տեղի է ունեցել նաև երկու երկրների առաջնորդների հանդիպումը: Գոյություն ունի նաև մերձդնեստրյան կարգավորման ձևաչափ՝ «5+2» և այդ ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,- ասել է ռուս դիվանագետը:

Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

Մերձդնեստրյան հակամարտությունը Մոլդովայի ու չճանաչված Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության միջև է, վերջինս հավակնում է Դնեստր գետին հարող մի շարք տարածքների վրա, որոնք վերահսկում է այժմ և որոնց բնակիչները մոլդավացիներ են, ռուսներ ու ուկրաինացիներ, մոտավորապես հավասար քանակով:

Դեռ խորհրդային տարիներին՝ 1989 թ. առաջացած հակամարտությունը Մոլդովայի անկախացումից հետո հանգեցրեց զինված առճակատման ու բազում զոհերի երկու կողմերից 1992 թվականի գարնանը: Ռազմական գործողությունները հաջողվեց կասեցնել Ռուսաստանի միջամտության շնորհիվ: Ռուսական զորքերը գեներալ Ալեքսանդր Լեբեդի հրամանատարությամբ միջամտեցին պաշտպանելու համար խաղաղ բնակիչներին ու դադարեցնելու համար արյունահեղությունը: Մոլդավական կողմը իր հերթին մշտապես բարձրաձայնում է ռուսական զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին:

Ներկայումս անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի, Մոլդովայի, Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության խաղաղապահ ուժերը և ռազմական դիտորդներ Ուկրաինայից: Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵԱՀԿ միջնորդությամբ բազմաթիվ բանակցությունները Մերձդնեստրի կարգավիճակի շուրջ արդյունք չեն տվել: Հարաբերությունները հակամարտության կողմերի միջև մնում են լարված: