16 ապրիլի 2014 - 11:19 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ. Կոնգրեսը մտադիր չէ Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյնորն անակնկալ այցով ժամանել է Անկարա, որտեղ հավաստիացրել է թուրք ղեկավարներին, որ Կոնգրեսը մտադիր չէ բանաձև ընդունել, որով Թուրքիային կոչ կարվիճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Բեյնորը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Էրդողանին ու խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկին:

«Ժամանակ առ ժամանակ արծարծվում է հայերի հարցը, բայց մի մտահոգվեք: Մեր Կոնգրեսը չի մասնակցի այդ հարցին: Մենք չենք գրում պատմությունը, պատմաբաններ չենք»,- Բեյնորը Չիչեկի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Բեյնորը, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև երկկողմ կապերըպետք է ամրապնդվեն և ԱՄՆ-ն երախտապարտ է Թուրքիային Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի հարցում աջակցության համար՝ հավելելով, որ հետագա գործակցությունը կարող է ընդլայնվել առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ:

Ըստ Ջեմիլ Չիչեկի, Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, բայց «եթե օրենսդիր մարմիններն որոշումներ են կայացնում պատմական հարցերի վերաբերյալ, դա կարող է խոչընդոտել երկրների հաշտեցմանը»:

Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրսմնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում:

Photo: AA