21 ապրիլի 2014 - 16:12 AMT
99. Ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրություն, բեմադրություն, ջահերով երթ, մոմավառություն ու ցույց

Լոս Անջելեսում կներկայացվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Լռության հարցում կեղծիք, արդարությունը ցնցվում է» խորագրով բեմադրությունը: Արդեն 6-րդ տարին է արվեստագետները, հայ համայնքը և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները հավաքվում են միասին հարգանքի տուրք մատուցելու անցյալին և հայտարարություն անելու ի լուր աշխարհի հայ ժողովրդի ոգու տոկունության մասին:

«Սիրիայի հայկական Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող վերջին իրադարձություններից բոլոր հայերը, և աշխարհի ազնիվ մարդիկ շատ անհանգստացած են: Իսկ Հայոց ցեղասպանության՝ 99 տարի շարունակ ժխտելն ընդգծում է, թե որքան կարևոր է այսօր այն ճանաչելը: Թուրքիայի վարչապետ Էրդողանն աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ավելի լավ է ամեն ինչ քողարկել, քան դեմ առ դեմ կանգնել անցյալի հետևանքներին, ուստի սոցիալական ԶԼՄ-ներն անհասանելի դարձնելով` փորձում է ծածկել ճշմարտությունը»,- նշել է ուդահար Անդրյու Կզիրյան, «Ասբարեզին» հղումով գրում է Panorama.am-ը:

Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում ապրիլի 23-ին Մասաչուսեթսի Ուորքեսթեր (Worcester) հանրային գրադարանում կցուցադրվի «Լռության սպիերը» վավերագրական ֆիլմը: Փաստագրական ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են հայրն ու դուստր մեկ դար լռություն ու ժխտողականությունն սահմանն անցել իրենց ընտանիքի ողբերգական անցյալի հետ հաշտվելու համար: Ֆիլմը բացահայտում է ժամանակակից հայերի վրա ցեղասպանության ազդցությունը և այն հալածանքների ուղին, որի միջով հայ ժողովրդը շարունակվում է անցնել առ այսօր:

Հայոց ցեղասպանության ժխտումը և անտեղյակությունն են ստիպել Գլասթերի 63-ամյա բնակիչ Նուբար Ալեքսանյանին և նրա 25-ամյա դուստր Էբին վավերագրական ֆիլմ նկարահանել, որը պատմում է Հայոց ցեղասպանության հետ Ալեքսանյանների ընտանիքի կապի և անձնական ողբերգության մասին: Հարյուր տարի և երեք սերունդ լռությունից հետո 63 -ամյա Նուբար Ալեքսանյանը և Էբին սկսել են ուսումնասիրել և նախապատրաստվել ճանապարհորդությանը դեպի իրենց պատմական հայրենիք:

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ տեղի կունենան Գլենդելում: Շաբաթվա կարևոր միջոցառումը կլինի Ալեքս թատրոնում, որի ժամանակ տեղացի ուսանողների կողմից կբեմադրվի հայկական ավանդական պարեր և երգեր, հիմնական զեկուցողը կլինի ինժեներ Մաուրիս Միսաք Քելեչյանը (Maurice Missack Kelechian), ում գիտական հետազոտությունների շնորհիվ բացահայտվել են Բեյրութ -Լիբանանի մոտ Անթուրայի հայկական որբանոցում հայ երեխաների հանդեպ ցուցաբերվող դաժանությունների մասին փաստերը:Գլենդելում հայկական ակումբները, ավագ դպորցները նույնպես կհիշատակեն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, կլինեն նաև մոմավառության արարողություններ:

Փասադենայում հայկական համայնքը նույնպես հիշատակի արարողություն է կազմակերպելու, իսկ Լոս Անջելեսում էլ Թուրքիայի հյուպատոսության առջև բողոքի ակցիա կանցկացվի:

Վերադառնանք Երևան. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30-ին:Երթի մասնակիցները նաև նամակ են հանձնելու ՀՀ նախագահին` պահանջելով ետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից: