22 ապրիլի 2014 - 16:25 AMT
ԿԱՐԾԻՔ
Հայերն Օսմանյան կայսրության զարդն էին

Հայերը, լինելով Օսմանյան կայսրության բնիկ ժողովուրդ, շատ բան են արել թուրքերի մշակույթի ու արվեստի զարգացման համար: Մի կողմ թողնենք վաճառականներին, քաղաքական գործիչներին ու դիվանագետներին. հայտնի է, որ հայազգի Իերեմիա Քյոմուրչյանը 1677 թվականին Կոստանդնուպոլսում հիմնել է առաջին տպարանը, որտեղ տպագրվում էին ոչ միայն հայերեն, այլ նաև արաբերեն ու եբրայերեն գրքեր: Ժամանակակից Թուրքիայի օրհներգի գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Էդգար Մանասն է, որը կրթություն է ստացել Իտալիայում:

Ստամբուլի ներկայիս դիմագիծը շատ բանով է պարտական հայազգի ճարտարապետներին: Օսմանյան կայսրության արքունական ճարտարապետները Բալյանների ընտանիքի ներկայացուցիչներն էին, որոնք հայտնի Թոփկապի, Բեյլերբեյի, Դոլմաբախչե, Բեշիկթաշ ու Յիլդիրիզ պալատների ճարտարապետներն են: Պալատներից բացի Բալյանները Ստամբուլում կառուցել են տասնյակ եկեղեցիներ, մզկիթներ ու հասարակական շենքեր: Ծագումով հայ էր նաև հանրահայտ ճարտարապետ Սինանը, որը կառուցել է սուլթան Սելիմի եզակի մզկիթը: 20-րդ դարի 60-ականներին Սինանի գերեզմանը բացեցին, արատշիրիմում կատարեցին և միանգամայն լրջորեն ապացուցում էին, թե ոսկրերից երևում է, որ նա թուրք է եղել…Սինանի աճյունը նախատեսվում էր տեղափոխել Անատոլիայի գանձերի թանգարան, բայց հետո այն անհետացավ:

Ըստ 1914 թվականի մարդահամարի կայսրությունում ապրում էր 1,5 մլն հայ կամ բնակչության 9,37 տոկոսը: 1927 թվականին հայերը 100 հազար էին՝ 0,73 տոկոս, 1965 թվականին Թուրքիայում մնում էր ընդամենը 80 հազար հայ՝ 0,25 տոկոսը, իսկ 2008-ին՝ 60 հազար կամ բնակչության 0,08 տոկոսը:

Մինչև 1914 թվականը միայն Ստամբուլում գործում էր 47 հայկական եկեղեցի ու 67 հայկական դպրոց, հրատարակվում էր 158 օրաթերթ: Աշխարհով մեկ հայտնի էին Թոքաթլյան հյուրանոցները, Իզմիթի գորգերը հայտնի էին ամենուր և արտահանվում էին տարբեր երկրներ: Գորգագործության արվեստը Թուրքիա են բերել հայերը: Կա ևս մեկ փաստ, որը պաշտոնական թուրքական պատմությունը լռության է մատնում: Քեմալականների առաջին կոնգրեսը տեղի է ունեցել Էրզրումի հայկական Սանասարյան դպրոցում 1918 թվականի հունիսի 23-ին: Օսմանյան կայսրության արդյունաբերության ու առևտրի 80 տոկոսը հայերի ձեռքում էր:

Բնականաբար օսմանցի թուրքերն իրենց թերարժեք էին համարում և որոշեցին հավասարեցնել վիճակը իրենց փորձված մեթոդով՝ կոտորածի միջոցով: Հայ բնակչության առաջին մեծ կոտորածն Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել 1894-1896 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Այն ժամանակ մոտ 300 հազար հայ սպանվեց:

Հետո կարծես ամեն ինչ հանդարտվեց, իշխանության եկավ «Միասնություն և առաջընթաց» կուսակցությունը, որը կարծես համաձայնության եկավ Դաշնակցության հետ…իսկ հետո նախապատրաստեց 1915 թիվը, որն էլ համարվում է Հայոց ցեղասպանության պաշտոնական տարեթիվը: Փաստորեն 30 տարում որոշ ընդհատումներով, եթե հաշվելու լինենք 1894 թվականից, կոտորվել ու բռնագաղթի է ենթարկվել մոտ 2 մլն հայ, որոնք ազգի և հենց Օսմանյան կայսրության կորիզն էին:

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գրել է. «Դարեր շարունակ թուրքերի վերաբերմունքը հայերի ու մյուս հպատակ ազգերի հանդեպ բարբարոսական է եղել: Նրանց մեթոդները միշտ եղել են դաժան, կոպիտ ու ոչ գիտական: Նրանք մահակով էին հանում հայերի ուղեղը՝ այս տհաճ համեմատությունը ամենաճշգրիտ ցուցադրությունն է այն պարզունակ մեթոդների, որոնց միջոցով նրանք լուծում էին հայկական հարցը: Թուրքերը լավ էին հմտացած սպանության գործում, սակայն սպանությունը նրանց կատարմամբ արվեստ չէր: 1915-1916 թթ. իրադարձություններն ի ցույց դրեցին նոր մեթոդներ: Նրանք մշակեցին բռնագաղթի հայեցակարգը: Հինգ դարերի ընթացքում թուրքերն իրենց քրիստոնյաներին ոչնչացնելու բազում մեթոդներ էին հորինել, բայց երբեք չէին մտածել, որ կարելի է նրանց վտարել հայրական տներից, որտեղ նրանց պապերն ու ապուպապերն են ապրել, ու արտաքսել մեռյալ անապատ…»:

Հայ ազգի ընտրանին՝ գրողներ, բանաստեղծներ, գիտնականներ, 250 մարդ արտաքսվեց Պոլսից ու գնդակահարվեց ճանապարհին: Այսօրվա Թուրքիան էլ հեռու չի գնացել երիտթուրքերից: Հրանտ Դինք, Սևակ Բալիկչի, պատրիարք Մութաֆյան, որը կոմայում է գտնվում, Ստամբուլի ծեծված ու սպանված տարեց հայ կանայք՝ ցուցակը կշարունակվի, քանի դեռ Թուրքիան ներողություն չի խնդրել: Թեև ոչ մի երաշխիք չկա, որ նույնիսկ ապաշխարելու դեպքում թուրքերը չեն շարունակի նույնությամբ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net, Photo: Yervant Herian