24 ապրիլի 2014 - 15:14 AMT
ԱՄՆ դեսպանը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Օբամայի «ուժեղ» հայտարարություն է ակնկալում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կդատապարտի իրադարձությունները, որոնք 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից են, ապրիլի 24-ին լրագրողներին է ասել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը հերթական անգամ իր հիշատակի տուրքը կմատուցի Օսմանյան կայսրություն վերջին տարիներին տեղահանությունների ու ջարդերի զոհ դարձած մեկուկես միլիոն հայերին։ Վստահ եմ, որ նա կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենասոսկալի ոճրագործություններից մեկը: Նախագահի հայտարարությունը ուժեղ կլինի, որտեղ ընդունվում են փաստերը 1915-23 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»:

Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահության թեկնածու, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հենց որ հաստատվի Սպիտակ տանը: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Միևնույն ժամանակ դեսպանը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը: «Ես ԱՄՆ դեսպանն եմ Հայաստանում և չեմ մեկնաբանի այդ հարցը: Միգուցե Վաշինգտոնի կողմից մեկնաբանություն լինի, սակայն ես որևէ մեկնաբանություն չունեմ»,-ասել է դեսպանը:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: «Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»,-ասվում է ուղերձում:

Այն հարցին, թե ինչն է խանգարում ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դեսպանը պատասխանել է, որ մի քանի ժամից նախագահը հանդես կգա ապրիլի 24-յան իր ամենամյա ելույթով, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Հեֆերնը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն ջանադրաբար կաշխատի, որպեսզի 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն:

2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները: Սակայն 2010 թվականի ապրլի 22-ին նախագահ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց վավերացման գործընթացն առկախելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործըթացը: Վավերացման գործընթացն այժմ սառեցված է:

«Հուսով եմ, սահմանը կբացվի և երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կձևավորվեն», -ասել է Հեֆերնը: Ինչպես նախօրեին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից: 2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: