24 ապրիլի 2014 - 20:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շառլ Ազնավուր. Էրդողանը հայ ժողովրդից «ներողություն» խնդրելու իրավունք չունի

Մեծն շանսոնյե, հայ գաղթականների զավակ Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայ ժողովրդին «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է Nouvelles d’Armenie-ին, «հայ համայնքը զգուշավորությամբ ու հոռետեսորեն ընդունեց Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը»: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նշել է, որ Էրդողանի հայտարարության մեջ բացակայում է պատմական ճշմարտությունը: «Թուրք վարչապետի հայտարարությունը զուտ ցուցադրական ակտ է՝ թե տեսեք, «ես բաց եմ որպես քաղաքական գործիչ»: Նա բառ անգամ չասաց այն 1,5 մլն հայերի մասին, որոնք կոտորվել են Անատոլիայում 1915-1917 թթ.:

«Թուրքիան խոստովանում է, որ 500 000 հայ է զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի մարտերում ու դեպի Սիրիա ու Լիբանան տեղահանման ճանապարհին, սակայն ժխտում է ցեղասպանության փաստը: Ֆրանսիայի 600 000 հայ համայնքի անդամներն ամեն տարի սպասում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- գրում է պարբերականը:

Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին: Նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է օրենք ընդունել, որով պատիժ է նախատեսվում Ցեղասպանության ժխտման համար: Օլանդը ներկա կգտնվի Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Ապրիլի 24-ին Շառլ Ազնավուրը Facebook-ի իր էջում զետեղել է իր «Նրանք ընկան» երգը: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Այս երգը ես և Ժորժ Գարվարենցը գրել ենք 1975 թվականին, երբ նշվում էր Ցեղասպանության 60-րդ տարելիցը: Այդ օրվանից ի վեր դեռ չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում»,- գրել է Ազնավուրը:

ՖՈՏՈՇԱՐՔ