28 ապրիլի 2014 - 16:32 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը՝ Վարշավայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն Վարշավայում հակամարտության կողմերի հետ, հայտնել է Twitter-ի միկրոբլոգում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Մինչդեռ, անցած շաբաթ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն հուսով է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը կկայանա առաջիկայում: «Այդ հանդիպումը կարող է լինել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր մենք ակտիվ ենք շարունակվող բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների կանոնավոր հանդիպումները շատ կարևոր են հակամարտության կարգավորման կոնկրետ քայլերի քննարկման համար»,-ասել է Մորնինգսթարը:

Ապրիլի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ մտահոգված է շարունակվող բռնությամբ հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բարելավելու համար բանակցային գործընթացը, ասել էր նա:

Ըստ նրա, «մահվան և վիրավորումների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան»: Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն ու դրա ինստիտուտները սատարում են խաղաղ կարգավորմանը նպաստելուն ուղղված համանախագահների ջանքերին: Ըստ նրա, տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է այդ աշխատանքը: Կողմերը պետք է օգտվեն պահից խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար: Դրանք կարող են կապված լինել վստահության միջոցների ստեղծման, ժողովրդական դիվանագիտության, ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու հետ:

Ինչպես ասել է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել: «Ես և մյուս համանախագահներն ամբոջ ուշադրությունն ուղղել ենք ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, վերջին 5 տարիներին նախագահների հայտարարությունների տարրերի հիման վրա հակամարտության արդար ու կայուն կարգավորման հարցում կողմերի աջակցությանը: Մեր չեզոքությունը չափազանց կարևոր է այդ գործընթացի համար»,- ասել է Ուորլիքը: Նա հավելել է, որ համանախագահները կանոնավոր այցեր են կատարում Լեռնային Ղարաբաղ և մերձակա շրջաններ: Դրանք եզակի հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ իրավիճակը, ասել է ամերիկացի համանախագահը:

Ուորլիքը Twitter-ում գրել է նաև, որ մայիսին Լոս Անջելեսում հանդիպելու է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկելու համար ղարաբաղյան խնդիրը:

2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի վերջին երկու տարում առաջին հանդիպումը: Ավելի ուշ նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման ավարտին համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն վերաբերող հարցեր: «Կողմերն ընդունել են բանակցություններում հետագա առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: Համանախագահները կրկին անգամ կարևորել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված կոնկրետ քայլերը», -ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: