2 մայիսի 2014 - 12:45 AMT
Կոնգրեսական Էնգելը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Վերջերս Հայաստան այցելած կոնգրեսական Էլիոթ Էնգելը նամակ է գրել է The Riverdale Press-ին, որտեղ ասվում է. «Վերջերս եմ վերադարձել Հայաստանից, որտեղ հնարավորություն եմ ունեցել նշելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության կազմում: Սա պատմության ամենասարսափելի գլուխն է, որը սկսվեց 1915 թվականին և հանգեցրեց մոտ 1,5 մլն անմեղ հայերի ոչնչացմանը:

Այդ կոտործը սարսափելի ողբերգություն էր հայ ժողովրդի համար: Նա նախկինի պես զգում է այդ սպիերը, իսկ հայերի հանդեպ բարբարոսությունը բացեց ցեղասպանությունների ու էթնիկ զտումների դարաշրջանը: Հիտլերը մեկ անգամ ասել է. «Ո՞վ է ի վերջո այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»,-և մենք տեսնում ենք կապը հայերի հանդեպ անտարբերության ու վեց միլիոն հրեաների սպանության միջև: Այդ իսկ մտածելակերպն ազդեց նաև անցյալ դարի մյուս հանցավոր առաջնորնդերի վրա, որոնք վստահ են, որ կարող են անպատիժ սպանել ու դաժանորեն վերաբերվել իր ժողովրդի հետ: Մենք պարտական ենք պատմությանն ու մարդկությանը, մենք պետք է հիշենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ հանուն նրանց և հանուն մեզ բոլորիս:

Թուրքիան պետք է առնվազն ներողություն խնդրի հայերից ու ճանաչի իր նախնիների գործած ոճիրը: Ցավակցություն հայտնելով մարդկանց մահվան կապակցությամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկար սպասված քայլ կատարեց առաջ, սակայն նրա խոսքերը հեռու են պաշտոնական ներողություններից: Թուրքիան պարտավոր է դա անել իր համար, քանի որ թուրքական հանրությունն ավելի ուժեղ կլինի, եթե ճանաչի ճշմարտությունը: Ես ուզում եմ իմ մեծ վիշտն ու խորը ցավակցությունները հայտնել հայ ժողովրդին: Ես ասում եմ նրանց, ինչպես մենք ասում ենք Հոլոքոսթի մասին՝ այլևս երբեք»:

Ապրիլի 23-ին Հայաստան ժամանեցին կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Էլիոթ Էնգելը, Դևիդ Սիսելին և Լոիս Ֆրենկելը: Ապրիլի 24-ին կոնգրեսականները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

«Կարևորում ենք Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի վերաբերյալ գնահատականը: Դա նախորդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Հիտլերը ծրագրում էր իր ցեղասպանությունը, նա հիմնվում էր հենց հայերի բնաջնջման փաստի վրա»,- նկատել է Ռոյսը: ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակության անդամ Էլիոթ Լանս Էնգելն իր հերթին նշել է, որ Հայաստանում է` համերաշխության ձայն բարձրացնելու համար: «Մեր համերաշխության ձայնն ենք բարձրացնում` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Թուրքիային կոչ ենք անում անմիջապես ճանաչել այն»,- նշել է Էնգելը: կոնգրեսականների պատվիրակությանն ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ևս կարևորել է նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ պատվիրակության կազմում գտնվող և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար ևս չափազանց կարևոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը: Էդ Ռոյսի խոսքով, եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, նաև այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում և դասավանդվում է: