5 մայիսի 2014 - 13:00 AMT
Անցած շաբաթ ադրբեջանցիները խախտել են հրադադարը մոտ 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Տարեսկզբից ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով ինչպես Հայաստանի ու Արցախի մարտական դիրքերը, այպես էլ հայկական սահմանամերձ գյուղերը:

Այդպես, ապրիլի 19-ին հակառակորդն առավոտյան ժամերին կրակ էր բացել Տավուշի մարզի գյուղերի այգիների ուղղությամբ, կրակոցները միայն առավոտյան են դադարել։

Ապրիլի լույս 15-ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում դարձյալ անհանգիստ էր: Գնդակոծությունները սկսվել էին երեկոյան և շարունակվել մինչև ժամը 03։00-ն:

Գյուղացիների խոսքով՝ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ էր։Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր՝ վնասվել էր գյուղի գազատար խողովակը: