5 մայիսի 2014 - 14:35 AMT
Ղարաբաղում պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ ոչ եվրոպացիներին, ոչ ԱՄՆ-ին, վստահ է ռազմական փորձագետը

Մոտակա երկու տարիներին պատերազմ հաստատ չի լինի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Ըստ նրա, պետք է հստակ հասկանալ, որ Արևմուտքը շատ է մտահոգված ուկրաինական ճգնաժամի զարգացումներով և այնտեղ մտավախություն ունեն, որ կարող են զրկվել գազից:

«Եվրոպան ռուսական գազին այլընտրանքային աղբյուրների կարիք ունի, որոնցից մեկն Ադրբեջանն է: Ուստի ղարաբաղյան պատերազմն եվրոպացիներին ձեռնտու չէ, քանի որ կխախտի նրանց գազամատակարարումը: Երկրորդը, առաջիկայում կսկսվի ամերիկյան զորքերի տարհանումն Աֆղանստանից: Անկասկած, դրանց մեծ մասը դուրս կբերվի հյուսիսային երթուղով՝ Ղրղզստանով, Ուզբեկստանով ու Ռուսաստանով դեպի Գերմանիայում գտնվող Ռամշտայն ռազմակայանը: Սակայն զորակազմի մոտ 30 տոկոսը կտեղափոխվի Ադրբեջանի ու Հայաստանի տարածքներով՝ որպես մոտակա օդակայաններ դեպի թուրքական «Ինջիրլիկ» կայանը: Ամերիկացիներն իրենց զորքերի մեծ մասն անկասկած կաշխատեն թողնել Կենտրոնական Ասիայի ու Վրաստանի տարածքում: Ուստի ԱՄՆ-ի համար ևս ձեռնատու չէ ռազմական գործողությունների վերսկսումն այն երկրների միջև, որոնց տարածքով նա մտադիր է տարհանել իր զորքերը: Այդպիսով, առաջիկա երկու տարիներին, մինչև որ ԱՄՆ չի հանել զորքերն Աֆղանստանից, ռազմական գործողությունները չեն վերսկսվի»,-ասել է փորձագետը:

Նա նաև գտնում է, որ 2008 թվականի վրաց-օսական պատերազմը ցույց տվեց Արևմուտքի ռազմական բաղադրիչի ուժեղ ու թույլ կողմերը: Վրացական բանակը զինված էր ու վարժված ՆԱՏՕ-ի չափանիշներով: Սակայն Ցխինվալում նա բախվեց ռուսական բանակի հետ, որը վերջին 15 տարում անհրաժեշտ մարտական փորձը ձեռք էր բերել Չեչնիայում, և պարտվեց: Համեմատության համար, ադրբեջանական բանակը ևս պատրաստվում է ՆԱՏՕ-ի համակարգով, ի տարբերություն հայկականի: Ադրբեջանական բանակի գերակայության դեպքում, Ղարաբաղի հայերը կարող են անցնել պարտիզանական գործողությունների, գրում է « Каспiй» թերթը:

«Անվտանգության գոտին Ադրբեջանը կկարողանա վերցնել միայն ճանաչելով ԼՂՀ անկախությունը: Իսկ ռազմական ճանապարհով դա չի ստացվի: Հայաստանը պաշտպանված կլինի ՀԱՊԿ շրջանակում: Բանն այն է, որ թեև Լեռնային Ղարաբաղի տարածքը չի ընդգրկվում ՀԱՊԿ գործողությունների շրջանակում, սակայն զինծառայողների 30 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են: Այսինքն, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, կարող են զոհվել նաև ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի քաղաքացիներ և դրա հիման վրա հնարավոր կլինի այդ կազմակերպության օգնությունը Երևանին»,-ասել է Անատոլի Ցիգանոկը: