20 մայիսի 2014 - 16:47 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգը Ֆրեզնոյի Ընտանիքի կենտրոնին $200.000 է նվիրաբերել

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի Ընտանիքի խորհրդատվական կենտրոնը (The Fresno Family Counseling Center) 200 000 դոլար նվիրատվություն է ստացել նախկին ատամնաբույժ Հարրի Մուրադյանից Կենտրոնական հովտում հոգեկան առողջության պահպանման համար, գրում է Fresno Business Journal-ը:

Գումարի մի մասը կհատկացվի Placticas ծրագրի վերականգնման համար, որն ապահովում է հոգեկան առողջությունն ու սնդդամթերքի բաշխումը գյուղական շրջաններում: 75-ամյա դոկտոր Մուրադյանը սատարում է Ֆրեզնոյին 1970 թվականից ի վեր: 2007 թվականին ի հիշտակ ծնողների նա հիմնեց Հարրի և Նվարդ Մուրադյանների հիմնադրամը Խաղողագործության դեպարտամենտում: Ներկայումս կրթաթոշակը կազմում է գրեթե 250 000 դոլար:

Մուրադյանի վերջին նվերը բխում է նամակից, որը հայտնաբերվել էր երեք տարի առաջ: Նամակը գրել էր նրա մայրը, որը տառապում էր դեպրեսիայից Հայոց ցեղասպանության տարիներին դեգերումների հետևանքով, որի ժամանակ նա կորցրել էր հորը: 2013-2014 ուս. տարում Կենտրոնում մոտ 10 հազար հետազոտություն է անցկացվել հաճախորդների համար, որոնցից շատերը չեն կարող իրենց թույլ տալ բուժում մեկ այլ տեղում բարձր արժեքի պատճառով:

Ֆրեզնոյում է կենտրոնացած ԱՄՆ Արևմտյան ափի ամենահայաշատ համայնքներից մեկը: 2015 թվականին Ֆրեզնոյի համալսարանի տարածքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, որի հեղինական է ճարտարապետ Փոլ Հալաջյանը: Հուշարձանը կառուցվելու է Երևանի Ծիծեռնակաբերդի նմանությամբ:

2013 թ. ապրիլի 23-ին Ֆրեզնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հոգաբարձուների խորհուրդը ընդունեց բանաձև, որի հեղինակն է Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որտեղ ասվում է, որ ԼՂՀ-ն պատմական և էթնիկ առումով հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևով կոչ արվեց Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: