27 մայիսի 2014 - 11:01 AMT
Ամերիկացի սենատորն արժանացել է «Հայաստանի ոգին» մրցանակին

Սենատոր Մարկ Լևին Հայոց ցեղասպանության և Հայաստանին հատկացվող oժանդակության հարցերում ԱՄՆ համայնքին ցուցաբերած բազմամյա ու մշտական աջակցության համար արժանացել է «Հայաստանի ոգին» մրցանակին: Միջոցառումը տեղի է ունեցել Դիրբորնում, Միչիգան: Մրցանակը սենատորին է հանձնել ՀԱԵ Արևելյան ափի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը: Սենատոր Լևին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակը, առաջիններից մեկն է հանդես եկել ԼՂՀ անկախության ճանաչման օգտին ու Ազատության մասին ակտի ուղղումներին, որով արգելվում է օժանդակությունն այն երկրներին, որոնք արգելափակում են ԱՄՆ օգնությունը:

Մարկ Լևին պայքարել է հանուն արդարության այլախոհների շարքերում, ինչպես նաև եղել է անվտանգության ու զինված ուժերի գծով հանձնախմբի ղեկավար: Մի քանի տարի առաջ նա այցելել է Հայաստան:

«Ես, որպես հրեա, ընդմիշտ հիշեցի Հիտլերի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին, երբ նա ծրագրում էր իմ ժողովրդի բնաջնջումը: Մենք պետք է ցեղասպանությունը ցեղասպանություն անվանենք: Այդ եզրույթի ժխտումը միայն թև է տալիս նրանց, ով ձգտում է իշխանության մեկ այլ ազգի բնաջնջման միջոցով»,-ասել է Մարկ Լևին արարողության ժամանակ:

Ինչպես գրում է The Armenian Weekly-ն, հայ համայնքի երկու ներկայացուցիչներ՝ Օնիկ Խաչիկյանն ու Ջոն Մանուկյանը, ստացան Eagle մրցանակը Դիրբորնի հայ համայնքին բազմամյա աջակցության համար:

1992 թվականին նախկին խորհրդային հանրապետություններին աջակցելու նպատակով ԱՄՆ-ում ընդունվեց Ազատության աջակցության ակտը (Freedom Support Act): ԱՄՆ Սենատը 907-րդ ուղղումն ընդունեց, որով արգելվեց օգնությունն Ադրբեջանին ԱՄՆ կառավարության կողմից, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու ռազմական գործողությունները նրանց դեմ:

Ուղղումն ընդունելու գործում հաջողությունը ձեռք բերվեց մի քանի գործոնների՝ հայ համայնքի բարձր կազմակերպվածության ու լոբբիստական հնարավորությունների, առանցքային նահանգներում, օրինակ Կալիֆորնիայում, հայ համայնքի խտության և նախագահական ու խորհրդարանական ընտրություններում կարևորության, այն պահին Անդրկովկասի վերաբերյալ ԱՄՆ կառավարությունում հստակ քաղաքական գծի բացակայության շնորհիվ, որից էլ օգտվեցին հայ լոբբիստները: ԱՄՆ-ում այդ ժամանակ նույնիսկ Ադրբեջանի դեսպանատուն չկար: