13 հունիսի 2014 - 10:42 AMT
ANCA-ն Օբամային հորդորում է փրկել Հալեպի բնակիչներին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային միջամտել ու փրկել Հալեպի խաղաղ բնակչությանը իսլամիստների հարձակումներից: «Հալեպը պաշարված է ջիհադականների կողմից: Հիմա, երբ ես գրում եմ ձեզ, քաղաքը դաժանաբար հրթիռակոծվում է, քանդվում են տները, եկեղեցիները, դպրոցները, հիվանդանոցներն ու ձեռնարկությունները: Դարավոր հայկական թաղամասերն անհետանում են, դրանք ոչնչացնում են «Ալ Քայիդայի» հետ կապված ահաբեկիչները՝ Ամերիկայի թշնամիները Թուրքիայի ակտիվ աջակցությամբ: Հալեպի բնակչությունը մնացել է անօթևան, առանց սննդի ու ջրի, առանց պաշտպանության միջոցների: Նրանք դարձել են կռվող կողմերի պատանդը, որոնց նպատակն է ոչնչացնել բնակչությունը: Հայ համայնքը չի կարող ընդունել և չի ընդունի ԱՄՆ կառավարության անգործությունը Հալեպի հարցում»,-գրում է Քեն Խաչիկյանը: ANCA նամակն ավարտվում է նախագահին ուղղված խնդրանքով՝ «արտահերթ նիստ գումարել հայ համայնքի ղեկավարների, եկեղեցու հոգևոր առաջնորդների հետ ոչ ուշ, քան հաջորդ շաբաթվա ընթացքում, քննարկելու համար Հալեպի փրկության հարցը»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը սկսել է #SaveAleppo արշավը: Հայ բնակչությունը, որը կազմում է սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը, վերջին օրերին գնդակոծության է ենթարկվում զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածում են աղետի գոտու:

ANCA-ն հորդորում է հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային և կոչ անել նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին քրիստոնյաների թաղամասերի գնդակոծությունը դադարեցնելու համար, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա և երրորդը՝ պատասխանել վերջապես ANCA-ի հարցմանը Թուրքիայի դերկատարության մասին Քեսաբի վրա հարձակման գործում:

Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչի անունով, կոչ անելով գործել դադարեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հայ բնակչության զանգվածային ոչնչացումը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: