14 հունիսի 2014 - 12:23 AMT
The Christian Science Monitor. Լեռնային Ղարաբաղը հետխորհրդային բոլոր տարածքային վեճերի նախատիպն է

«Ընթացիկ տարվա մայիսին լրացավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար հակամարտությունում հրադադարի ռեժիմի պահպանման 20-ամյակը: Սակայն, հազիվ թե այն տոնելու առիթ կա. Հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ Ղրիմի ճգնաժամի լույսի ներքո այն ավելի վտանգավոր ու ակտուալ է դառնում ԱՄՆ շահերի համար, քան երբևէ»,- The Christian Science Monitor-ում գրում է Ջոն Հոփկինսի համալսարանի Առաջատար միջազգային հետազոտությունների դպրոցի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը:

Եթե Ղրիմը վերջինն է «սառեցված հակամարտություններից, ապա Լեռնային Ղարաբաղն առաջինն էր հետխորհրդային տարածքի՝ Հարավային Օսեթիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում, տարածքային վեճերի շարքում, ասվում է հոդվածում:

«Ինչպես և Ղրիմի դեպքում, ղարաբաղյան հակամարտության դեպքում ևս խնդիրը կապված է վիճահարույց պատմությամբ, հակասական կարգավիճակով ու հարևան երկրի հետ կապված բնակչության մեծամասնությամբ տարածքի հետ, գրում է Քորնելը:- Բայց, ինչպես և Ղրիմում, ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի սահմանափակվել միայն տեղի բնակչությամբ: Հակամարտությանը միշտ մասնակցել է երրորդ մասնակիցը՝ Մոսկվան, որն առաջին իսկ օրից առանցքային դեր ունեցավ հակամարտության արդյունքների որոշման մեջ: Մինչ օրս Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է կողմերի միջև կառավարվող անկայունության պահպանմանը. հակամարտությունն օգտագործվում է Հայաստանի վերահսկողությունն ամրապնդելու և արևմտամետ Ադրբեջանին թուլացնելու համար»,-նշում է նա:

Ըստ հեղինակի, հակամարտությունը «սառեցված» անվանելով, մենք անվտանգության կեղծ զգացողություն ենք ստեղծում. «Գնալով, պատահաբար կամ միտումնավոր հրահրված նոր պատերազմի ռիսկն աճում է: Ճիշտն ասած, այդ դիմակայությունը կարող է նոր Քաշմիրի կամ նոր պաղեստինա-իսրայելյան պատերազմի վերածվել «սառը խաղաղության» շրջաններով, որոնց պարբերաբար հաջորդում է իսկական պատերազմը: Այդ նոր պատերազմը հեռավոր մի ծայրամասում չի բռնկվի՝ ղարաբաղյան հակամարտությունը Եվրասիայի խաչմերուկում է, գերտերությունների սահմանին»,-գրում է գիտնականը: Դեռ 1992 թվականին ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը հակամարտության խաղաղ կարգավորման համար: Խմբի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այն գաղափարը, որ ավելի լավ է հետևել Մոսկվային, քան թույլ տալ նրան սաբոտաժի ենթարկել գործընթացը դրսից, հեղինակին սթափ է թվում: Սակայն Վաշինգտոնն այնուամենայնիվ պետք է փոխի մոտեցումը, պնդում է նա:

«Եթե ԱՄՆ-ն լրջորեն տրամադրվել է հակահարված տալ Պուտինին, ապա անգործությունն այստեղ անընդունելի է: Հասկանալի պատճառներով վարչակազմը դեռ կենտրոնացած է Ուկրաինայի վրա և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա: Սակայն ապագայում ԱՄՆ ջանքերի հզորացումը հակամարտության կարգավորման գործում կարևոր քայլ կլիներ ոչ միայն ամերիկյան շահերի պաշտպանության համար, այլ նաև, Պուտինին ստիպելու համար պաշտպանության անցնել: Դա հեշտ չի լինի, սակայն, չպատասխանելով մարտահրավերին, Ամերիկան թույլ կերևա, ինչը միայն ձեռնատու է Պուտինին»,-եզրափակում է Քորնելը: