21 հունիսի 2014 - 12:22 AMT
Պարտադիրը նպատակային սոցվճար դարձնող օրինագիծն ընդունվեց. Քառյակը կդիմի ՍԴ (թարմացված)

66 «կողմ», 0՝ «դեմ» ու «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հունիսի 21-ի արտահերթում երրորդ ընթերցմամբ ընդունել է«Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի գրանցում։

Առավոտյան առաջին ընթերցումից հետո, երբ հանրապետականների ձայներով քվեարկությունն անցել է ու համապատասխան օրենքներն ընդունվել, խորհրդարանական ոչ իշխանական ուժերը լքել են դահլիճը՝ բոյկոտելով քվեարկությունն ու այդպես էլ չեն վերադարձել՝ մասնակցելու երկրորդ ու երրորդ ընթերցմանը։

Մինչև առաջին քվեարկության մեկնարկը հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ որոշ փոփոխություններ են կատարվել, հստակեցվել է պարտադիր ֆոնդ հասկացողությունը, սա եղել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի առաջարկը: Պարտադիր կուտակային բառը փոխվել է կուտակային բառով, այսինքն՝ խմբագրական փոփոխություններ են կատարվել:

Ավելի ուշ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համատեղ ասուլիսում ընթերցել է ԱԺ ոչ իշխանական ուժերի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է առավոտյան քվեարկությունից հետո.

«ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտեց կանոնակարգ օրենքը` սահմանափակելով պատգամավորների իրավունքները: Ոչ իշխանական ուժերը փորձեցին կասեցնել առանց հանրային քննարկումների խորհրդարանին պարտադրված մի շարք վիճահարույց օրենքների փաթեթների քննարկումը: Օրակարգում ներառված էր նաև ժողովրդի կողմից մերժված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը խարխլում է մեր պետության դիրքերը: Մենք հայտարարում ենք, որ քվեարկությունն անվավեր է, դատապարտում ենք այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ շարունակելու ենք պայքարել օրենքի դեմ»:

Պատգամավորը նշել է, որ ճգնաժամային այս իրավիճակն առաջ է բերում մի շարք խնդիրներ, որոնք ԱԺ կանոնակարգ օրենքում կանոնակարգման խնդիր ունեն, մասնավորապես` ինչ ընթացակարգեր պետք է իմպերատիվ կերպով պահպանվեն և եթե խախտվում են` պատժվեն:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասել է, որ այսօրվա իշխանությունները ոչ թե փորձում են համախմբել հանրությանը և միասին լուծել մարտահրավերները, այլ նման կերպ են գործում հանրության մոտ հուսահատություն առաջացնելու համար:

«Մենք կդիմենք Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակը և օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը»,- նշել է պատգամավորը` տեղեկացնելով, որ որևէ մեկը չի կասկածում` քաղաքական մեծամասնությունն այսօր կընդունի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշել է, որ «Օրինաց երկիրը» ոչ միայն պաշտպանում է քառյակի համատեղ հայտարարությունը, այլև միանում է դրան, ինչի մասին նրանք դեռ կասեն:

Հունիսի 19-ին խորհրդարանում մեկնարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը:

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ օրենքի փոփոխության հիմքում երկու խնդիր է` Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին ընդունած որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանը և հասարակության մտահոգությունները:

«Ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում հուլիսի 1-ից, երբ օրենքներն ուժի մեջ մտնեն, այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվելու: Օրենքով սահմանվում է պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար»,- ներկայացրել է նախարարը:

Նախօրեին խորհրդարանական խմբակցությունների անունից եզրափակիչ ելույթների ժամանակ պարզվել է, որ ԱԺ 5 խմբակցություն դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին փոխարինող Կառավարության կողմից ներկայացրած «Նպատակային սոցիալական վճարների» մասին նախագծի փաթեթին։

«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ է ունեցել ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նկատելով, թե կուտակայինի շուրջ քննարկումները չեն դադարում, քանի որ իշխանությունը չի կարողանում պատասխանել, թե ինչու է ծանր սոցիալական պայմաններում ապրող ժողովրդի վզին փաթաթում այս օրենքը։

«Եթե կառավարությունը պատգամավորներին կանչում է հանդիպման, հետո մի քանի ֆոտո դնում, թե տեսեք՝ հանդիպել և քննարկել ենք, ապա նշեմ, որ դա էժանագին PR է, քանի որ այդ հանդիպումներից հետո ոչինչ չի փոխվում, և Ազգային ժողով բերվում է այն նախագիծը, որն արդեն որոշված է եղել»,- նշել է նա։

ՀՅԴ անունից խոսել է Արծվիկ Մինասյանը` նշելով, որ իրենց համար այս փաթեթն անընդունելի է, քանի որ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի կողմից պահանջվող բոլոր փոփոխություններին և չի ներառում հանրության կարծիքը՝ առանց քննարկումների փորձ է արվում անցկացնել այն։

ՀՅԴ պատգամավորը մանրամասն ներկայացրել է խմբակցության սկզբունքային դիրքորոշումները, որը կառուցված է ՍԴ-ի որոշման դրույթների հիման վրա և նաև նկատի առել G20-ի տնտեսական գործակցության միջազգային լավագույն փորձը։

Ըստ Մինասյանի՝ իրենց տարբերակում գործում է կամավորության սկզբունքը, ապահովված է այն մտահոգությունը, որ այս կառավարիչներն այլևս Հայաստանում գործ չեն կարող ունենալ, բացառում է որևէ խտրականություն և ցույց տալիս երկրի տնտեսության մեջ հնարավոր զարգացումները կամավոր կուտակումների պարագայում:

«Օրինաց երկիր» խմբակցության անունից հանդես է եկել Մհեր Շահգելդյանը` նույնպես նկատելով, թե այն նոր նախագծերի փաթեթին, որ ներկայացրել է Կառավարությունը, ՕԵԿ-ը դեմ է, քանի որ ըստ էության պարտադիր բաղադրիչը չի վերացվել, գրում է Tert.am-ը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության իր ելույթում Միքայել Մելքումյանը նույնպես հայտարարել է, թե իրենք դեմ են այս տեսքով ռեֆորմի իրականացմանն ու համոզված են, որ այն լուրջ կոսմետիկ վերաիմաստավորման կարիք ունի։